«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար․ ՔԿ

«Կոնվերս բանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղը տեղի ունեցածի պատճառով փակվել է հաճախորդների համար, Երևան, 9-ը հոկտեմբերի, 2017թ․

Հափշտակողը դիմակով չի եղել:

Բանկը պայթեցնելու սպառնալիքով այսօր կեսօրին մոտ մի տղամարդ Երևանի Սայաթ Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախնական հաշվարկներով բանկից տարբեր արժույթներով հափշտակվել է շուրջ 200 հազար դոլարին համարժեք գումար:

«Նախնական տվյալներով ժամը 11-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մասնաճյուղի կառավարչի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ մասնաճյուղում պայթյուն իրականացնելու սպառնալիքով պահանջել և հափշտակել է խոշոոր չափերի գումար: Նախնական հաշվարկներով՝ հափշտակված գումարը եղել է տարբեր արժույթներով և կազմում է մոտ 95 միլիոն 750 հազար դրամ: Նա (հանցագործը) պահանջել է այդ պահին կառավարչի մոտ՝ պահոցում եղած ողջ գումարը»,- ասաց Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հոդվածով, այժմ տարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ՝ ավազակային հարձակումը կատարած տղամարդուն, ինչպես նաև նրա հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: «Ստեղծվել է քնչնական խումբ, և քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ինչպես քննչական, այնպես էլ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Օպերատիվ հետախուզական մարմինները շարունակում են իրականացնել ակտիվ որոնողական միջոցառումներ՝ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ասեմ, որ տղամարդը չի եղել դիմակով, և նրան հայտնաբերերլու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Այլ մանրամասներ, քննության շահերից ելնելով, այս պահին չեմ կարող հրապարակել»,- ասաց Տռուզյանը:

Հանցագործությունից հետո բանկի մասնաճյուղը փակվել է, այնտեղ աշխատանքներ էին իրականացնում իրավապահները: Աշխատակիցների հետ խոսել չհաջողվեց, մոտակայքում աշխատող քաղաքացիները ևս հրաժարվեցին շփվել լրագրողների հետ:

«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղերից մեկի վրա ավազակային հարձակում էր կատարվել նաև շուրջ 7 տարի առաջ: Սակայն այդ ժամանակ բանկի՝ «Նոր Նորք» մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանը զենքի գործադրմամբ կանխել էր գումարի հափշտակումը՝ կրակոցներով վիրավորելով հարձակում գործած անձին, ով, ի դեպ, ևս ոստիկանության աշխատակից էր: