Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման համերգին կմասնակցի Ջոն Մալկովիչը

Հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրած Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը, որի բացման համերգը նշանավորվելու է համաշխարհային աստղ, հոլիվուդյան դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ:

Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը արդեն իսկ Մալկովիչի հետ համագործակցության փորձ ունի: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսին շեշտում էին Ջոն Մալկովիչը և Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, նրանք արդեն իսկ համատեղ հանդես եկել 2015 և 2016 թվականներին՝ Սեուլում և Բուենոս -Այրեսում:

Առաջիկա համերգին հնչելու է 20-րդ դարի անվանի կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, իսկ Ջոն Մալկովիչը կներկայացնի հատվածներ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից հատվածներ։

Մալկովիչի խոսքով՝ երաժշտության ուղեկցությամբ գրական տեքստի մատուցումը անչափ նուրբ և յուրօրինակ ազդեցություն է թողնում ունկնդրի վրա․ - «Ես դասական երաժիշտների հետ մի քանի նման կտորներ եմ ներկայացրել ամենատարբեր բեմահարթակներում: Սա մի ֆանտաստիկ փորձառություն է, և ես սիրում եմ այսկերպ ներկայացնել գրական գործը»:

«Երաժշտությունն առհասարակ տիեզերական ուժ ունի, հատկապես դասական երաժշտությունը, իսկ երբ հանդիպում են տեքստն ու երաժշտությունը, ապա այն առավել տպավորիչ է դառնում, հատկապես այս դեպքում, երբ թե՛ տեքստը, թե՛ երաժշտությունն ասես պարանոյայի տարրեր են պարունակում և դրանով իսկ միաժամանակ ցնցող տպավորություն են թողնում», - հավելեց աշխարհահռչակ դերասանը:

«Ազատության» հարցին ի պատասխան, Ջոն Մալկովիչը նշեց իր սիրած գրողներին ու կոմպոզիտորենրին․ Ուիլյամ Ֆոլքներ, չիլիացի Ռոբերտո Բալանյո և «բազմաթիվ այլ ամերիկյան հեղինակներ», իսկ կոմպոզիտորներից սիրում է Մոցարտի, Շումանի և այլոց ստեղծագործությունները:

Նրա խոսքով, որևէ երաժշտական գործ և գրական տեքստ համակցելու համար բազաթիվ անգամներ լսում է տվյալ ստեղծագործությունը, մինչև համոզվի, որ երկու գործերն էլ՝ թե՛ երաժշտական, թե՛ գրական ստեղծագործությունները փոխկապակցված են: Շեշտում էր նաև, որ գրական տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, այն «միայն պիտի սահի, անցնի երաժշտության միջով՝ ներքնապես կապված լինելով նրան»:

Հայկական երաժշտությանն ու արվեստին առհասարակ ծանոթ չէ, անգամ Խաչատրյանի անունն էր կարծես թե անծանոթ նրան: Փառատոնի կազմակերպիչները, սակայն, հավաստիացրեցին, որ Մալկովիչին այս մի քանի օրերի ընթացքում հնարավորինս կփորձեն ծանոթացնել հայկական արվեստին ու մշակույթին:

Անդրադառնալով հայերի և հայաստանցիների հետ իր կապերին՝ Մալկովիչն ասում էր, որ հայ ընկերներ ունի և նրանցից մեկն էլ հենց իր կողքին նստած Սերգեյ Սմբատյանն է: Հայ ժողովրդի պատմությանը շատ ծանոթ չէ, բայց մի քանի գիրք է կարդացել, իսկ վերջերս Զմյուռնիայի մասին գիրք է կարդացել:

«Ազատության» հարցին, թե արդյոք լսել է Հայոց ցեղասպանության մասին, Ջոն Մալկովիչն պատասխանեց․ - «Ինչ կարող եմ ասել: Աներևակայելի է այդ ամենը, այսպես է երևի մարդը կորցրել դրախտը: Ի՞նչ կարելի է ասել․․․ թերևս միայն այն, որ մարդը սարսափելի բաներ է անում»: