Եթե Սերժ Սարգսյանն ուղիղ 6 ամսից շարունակի պաշտոնավարել արդեն վարչապետի պաշտոնում, արդյո՞ք Հայ հեղափոխական դաշնակցությունը դա ժողովրդավարության տեսանկյունից իբրև հետընթաց կդիտարկի: Դաշնակցությունն այս հարցի միանշանակ պատասխանը չունի: Այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում պատասխանելով «Ազատության» հարցին, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց՝ այդ հարցը ժամանակավրեպ է: Դաշնակցական պատգամավորն, այդուհանդերձ, հարցի առնչությամբ ուշագրավ դիտարկում արեց:
«Ժամանակին չէ [հարցը], կգա օրը, և այդ հարցերի պատասխանները մենք բոլորս միասին կուենանանք»,- ասաց Վարդանյանը:
«Ազատություն»- Ժողովրդավարության առումով ժամանակն ի՞նչ է փոխելու, եթե չկան հստակ սկզբունքներ:
Աղվան Վարդանյան- Կա օրենսդրություն, կա Հանրապետական կուսակցություն, որին պատկանում է, ըստ մեր համաձայնագրի, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, և երբ այդ իրավունքը կիրացվի, այդ մասին մենք կխոսենք: Հիմա ժամանակավրեպ է այդ թեմայով որևէ հարց քննարկելը:
«Ազատություն»- Վերանանք կոնկրետ անձերից: Եթե նույն անձը շարունակում է պաշտոնավարել արդեն վարչապետի պաշտոնում․․․
Աղվան Վարդանյան- Դուք նորից ասում եք եթե, եթեով հարցերին պատասխանելն ուղղակի լուրջ չէ: Կգա ժամանակը, և ես կարծում եմ՝ դուք այդ եթեների պատասխանները կիմանաք: Գուցե նաև կափսոսեք, որ այսքան ժամանակ այդ հարցը եթեներով տվել եք:
«Ազատություն»- Այսինքն՝ դուք ինչ-որ մի բա՞ն գիտեք:
Աղվան Վարդանյան- Ինչ-որ մի բանը շատ մեղմ է ասված, ես շատ բան գիտեմ:
Աղվան Վարդանյանի այս հայտարարության առնչությամբ՝ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք՝ գուցե Սերժ Սարգսյանն արդեն հստակեցրե՞լ է, թե ինչով է զբաղվելու 6 ամիս հետո, ինչն էլ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին հույս է տվել՝ կարծելու, թե վարչապետի պաշտոնում Սարգսյանի թեկնածության շուրջ քննարկումներն անտեղի են։ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ դրանք բոլորը ենթադրություններ են, երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին:
«Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանի Հանրապետության նախագահն է, և մենք որևէ քննարկում չենք ունեցել: Կգա ժամանակը՝ կքննարկվի, և դուք բոլորդ տեղյակ կլինեք: Ես ձեզ խնդրում եմ՝ զինվեք համբերությամբ, մենք ունենք բավական շատ խնդիրներ, մենք զբաղված ենք այդ խնդիրներով, և այդ քննարկումները երբ որ կլինեն, դա կլինի հրապարակային, և բոլորիդ տեղյակ կպահենք մեր հետագա անելիքների մասին»,- ասաց Բաղդասարյանը:
«Ազատություն»- Մոտավորապես ե՞րբ եք նախատեսում սկսել այդ քննարկումները:
Վահրամ Բաղդասարյան- Մենք նման ժամանակացույց առայժմ չունենք, համենայն դեպս՝ մենք դա չենք ուշացնի, մինչև ապրիլ դուք դրա մասին տեղյակ կլինեք:
«Ազատություն»- Այդ հարցի քննարկման վրա տաբու՞ է դրված: Ի վերջո, ՀՀԿ խորհրդի նիստերի ընթացքում հանրապետականները նման հարցադրումներով հանդես չե՞ն գալիս:
Վահրամ Բաղդասարյան- Գործադիր մարմնի նիստում մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք որ հրատապ են և առաջնահերթ են այս օրերի համար: Իսկ առայժմ նման հարց մեր օրակարգում չկա:
«Ազատություն»- Այս ընթացքում որևէ հանրապետական նախագահ Սերժ Սարգսյանին այդ հարցադրումը չի՞ արել:
Վահրամ Բաղդասարյան- Մենք դրա կարիքը չենք զգում, երբ կգա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին:
Իշխող խմբակցության ղեկավարն, ամեն դեպքում, հավելեց՝ «Սերժ Սարգսյանը, լինելով մեծամասնության լիդերը, պետք է լինի արենայում, որպես ամենացայտուն քաղաքական գործիչը»: «Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքական մեծամասնության առաջնորդն է»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:
Ուղիղ 6 ամսից, 2018 թվականի ապրիլին, Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահի լիազորությունները: Իշխող ուժի ղեկավարը չի շտապում թոթափել այս հարցի շուրջ եղած հանրային հետաքրքրությունը, այդպես էլ չհստակեցնելով՝ ի վերջո Սերժ Սարգսյանը որ՞տեղ է տեսնում իր քաղաքական ապագան՝ վարչապետի պաշտոնու՞մ, թե կնախընտրի քաղաքական գործընթացները վերահսկել Մելիք Ադամյան փողոցից, որտեղ գտնվում է Հանրապետական կուսակցության կենտրոնակայանը:
«Ելքը» պահանջում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ Արտաշես Գեղամյանի վարքը քննելու համար
Խորհրդարանական այօրվա ճեպազրույցների ընթացքում չշրջանցվեց նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Մասնավորապես, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենք այսօր պաշտոնապես շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ:
Ըստ այդ նախագծի, հանձնաժողովը պետք է քննի և համապատասխան եզրակացություն ներկայացնի՝ արդյո՞ք այդ միջադեպի ժամանակ խախտվել են պատգամավորի էթիկայի կանոնները: «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը շեշտեց՝ էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի, ավելին՝ պետք է քննարկվի Արտաշես Գեղամյանին մանդատից զրկելու հարցը, դա է լծակը, որով կարելի է կարգի հրավիրել մնացած պատգամավորներին: Ի դեպ, պատասխանելով «Ազատության» հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրավապահ մարիմիններին չի դիմի, քանի որ ինքն իրեն տուժող չի ճանաչում:
«Կոպիտ ասած, եթե իրավապահ մարմիններին ինչ-որ մեկը դիմի, քրեաիրավական առումով պետք է իրականում լինի տուժող: Ես այս միջադեպում տուժող չեմ բացարձակ: Մենք կարծում ենք, որ սա ոչ թե տուժող- հարձակվող հարաբերություններ են, այլ հարձակվող-կարգի հրավիրող հարաբերություններ: Եվ այս հարաբերություններն, այդ առումով, կապված չեն քրեաիրավական հարաբերությունների հետ, այլ կապված են բացառապես ԱԺ-ում քաղաքական հարաբերությունների հետ»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Փաշինանը պնդում է, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն անցած հիգշաբթի բռունցքներով հարձակվել է իր վրա: Գեղամյանը, սակայն, հերքում է, թե նման միջադեպ է եղել: Տեղի ունեցածին այսօր արձագանքեց նաև դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ասելով՝ «դա տհաճ և անդուր միջադեպ է»: «Ի՞նչ ասեմ՝ մի ահելի և մի ջահելի պատմություն է, ես չեի ուզենա, որ իրար նմանվեին և այսքան կանխատեսելի դառնային»,- հավելեց Վարդանյանը: