Օտարերկրացի պայմանագրայինները այսուհետ կարող են մասնակցել արտերկրում Ռուսաստանի ռազմական առաքելություններին

Սիրիա - Ռուսաստանցի և սիրիացի զինծառայողներ «Հմեյմին» ռազմակայանում, արխիվ

Այսուհետ օտարերկրացիները ևս կարող են մասնակցել Ռուսաստանի կողմից երկրի սահմաններից դուրս իրականացվող ռազմական առաքելություններին: Այսօր նման հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` լրացումներ մտցնելով «Զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում:

Պուտինի կողմից հաստատված լրացումների համաձայն՝ օտարերկրացիները, որոնք արդեն իսկ պայմանագրային հիմունքներով ծառայում են Ռուսաստանի զինված ուժերում, կարող են «մասնակցել արտերկրում իրականացվող խաղաղապահ և հակաահաբեկչական գործողություններին»:

Օտարերկրացիները պայմանագրային հիմունքներով Ռուսաստանի զինված ուժերում ծառայելու իրավունք ստացել էին 2003 թվականին: Մինչ օրս, սակայն, նրանք իրավունք չունեին մասնակցել արտերկրում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին: