Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, թե դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Այս հայտարարությունից ժամեր անց՝ երեկ երեկոյան, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն էլ հայտարարել է, որ ի պատասխան՝ դադարեցվում է թուրքական վիզաների տրամադրումը ամերիկյան քաղաքացիներին:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է՝ վերջին իրադարձությունները հարկադրել են վերագնահատել, թե Թուրքիայի կառավարությունն ինչպես է իրականացնում իր պարտավորությունը Միացյալ Նահանգների առաքելության գույքի ու անձնակազմի անվտանգության ապահովման գործում:
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի դատարանը որոշեց անազատության մեջ թողնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին՝ Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին, ով մեղադրվում է «քաղաքական կամ ռազմական լրտեսության», «սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու» մեջ: Ըստ մեղադրանքի, այդ անձը կապեր է ունեցել ԱՄՆ-ում գործող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած շարժման հետ: