Այսօր Բարսելոնայում հարյուր հազարավոր ակտիվիստներ կազմակերպել են Իսպանիայից Կատալոնիայի երկրամասի անջատման դեմ բողոքի ցույց:
Ակցիան նախաձեռնել է Քաղաքացիական Կատալոնիա շարժումը, որը համարվում է Կատալոնիայի անկախության գաղափարի դեմ պայքարող հիմնական խմբերից մեկը: Ցույցին մասնակցելու են նաև Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից ժամանած բազմաթիվ ակտիվիստներ:
Քաղաքացիական Կատալոնիա շարժումը պնդում է, որ միջոցառմանը մասնակցում է մոտ 950 հազար մարդ:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի մասնակիցների 90 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: Պաշտոնական Մադրիդը ապօրինի է համարում այդ հանրաքվեն, որին մասնակցել է Կատալոնիայի 5 միլիոն 340 հազար ընտրողների 42 տոկոսը:
«Իսպանիան չի պառակտվի, ազգային միասնությունը կպահպանվի», - այսօր ասել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն, ով հրաժարվում է բանակցել Կատալոնիայի երկրամասի ղեկավարների հետ:
Նա ասել է, որ Մադրիդը կարող է կիրառել Սահմանադրության ընձեռած իրավական հնարավորությունները և լուծարել Կատալոնիայի տեղական վարչակազմը, ինչպես նաև սառեցնել ինքնավարության կարգավիճակը:
Անվտանգությունն ապահովելու նպատակով Իսպանիայի կենտրոնական իշխանությունը Կատալոնիայում տեղակայել է լրացուցիչ 4 հազար ոստիկաններ: