Ադրբեջանի ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ երեկ մայրաքաղաք Բաքվում անցկացրել են կոռուպցիայի դեմ բողոքի հավաք:
Ակցիան նախաձեռնել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը:
Ադրբեջանի ոստիկանության փոխանցմամբ, բողոքի միջոցառմանը մասնակցել է մոտ 1200 մարդ: Turan լրատվական գործակալության պնդմամբ, ակցիային մասնակցել են «հազարավոր մարդիկ»:
Բողոքի միջոցառումը տեղի է ունեցել Բաքվի Յասամալի շրջանի մարզադաշտում: Ցուցարարները հավաքի ընթացքում վանկարկել են «վե՛րջ կոռուպցիային» և «ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսները:
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի ժողճակատի, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության, Ազգային պետականության կուսակցության, «Մուսավաթի» երիտասարդական կառույցի, Մահմեդական միության և ՆԻԴԱ շարժման անդամները: Միջադեպեր չեն գրանցվել:
Ակտիվիստները երկրի իշխանությանը մեղադրում են լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հալածելու, ինչպես նաև աշխատավորների իրավունքները ոտնահարելու համար: