Թրամփը սառեցնում է ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իսրայելում ամերիկյան դեսպանատունը դեռևս չի տեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ:

Դեսպանատան տեղափոխումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր:

Մասնակցելով Trinity Broadcasting Network հեռուստակայանով հեռարձակվող քաղաքական հաղորդմանը, որը վարում է Արքանզասի նախկին հանրապետական նահանգապետ Մայք Հաքաբին, Թրամփն ասել է, որ միառժամանակ սառեցնում է դեսպանատան տեղափոխումը՝ ցանկանալով պայմաններ ստեղծել իսրայելա-պաղեստինյան խաղաղության համաձայնության համար:

Խոսելով Իրանի միջուկային գործարքի մասին, որի նկատմամբ ինքն ունի խիստ բացասական վերաբերմունք՝ նախագահը չի հստակեցրել իր մտադրությունները, սակայն ընդգծել է, որ դա շատ անհաջող գործարք է և ավելացրել, որ «Իրանը միշտ խնդիրներ է հրահրում հատկապես Մերձավոր Արևելքում»: