ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Գեներալ-գնդապետ Սիդորովը Հայաստանում է՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում այսօր ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում-2017» համատեղ երկօրյա վարժանքերը, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողություններ:
«Տեղյակ ենք՝ ինչ խնդիր ու ցավ կա Հայաստանում: Ողջ աշխարհը գիտի այդ հակամարտության մասին, որը ոչ մի կերպ չի ստացվում վերջնականապես կարգավորել խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա համաձայն կազմակերպության կանոնադրության և այլ նորմատիվային-իրավական փաստաթղթերի, կազմակերպության զորքերը նախատեսված են անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության համար: Դա տեղի է ունենում տվյալ պետության դիմումի հիման վրա, և որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը:
Այժմ չեմ խոսի «կարմիր գծի» մասին, ուղղակի կարող եմ ասել՝ եթե Աստված ոչ անի, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իրական օգնության կարիք ունենա, ապա հավաքական ուժի զորքերը պատրաստ կլինեն գալ ու օգնություն ցուցաբերել՝ կազմակերության կանոնադրության սահմանած կարգի համաձայն: Եվ Հայաստանում այս առումով չպետք է կասկած լինի: ՀԱՊԿ-ը ունի ավելի քան 20 հազար բարձրակարգ զինծառայողներ, ովքեր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ են: Կան լեռնահրաձգային, դեսանտագրոհային, օդադեսանտային ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի են լուծել ցանկացած խնդիր»,- ասաց Սիդորովը:
Անցած տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում էր նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, առավելագույնը, ինչ արեց ՀԱՊԿ-ը, կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մակարդակով հայտարարություն տարածելն էր, թե Ադրբեջանի գործողությունները սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Իսկ պատերազմի ավարտից մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին չեղարկվեց Երևանում կայանալիք՝ Եվրասիական տնտեսական միության վարչապետների հավաքը, ինչն արժանացավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության սուր արձագանքին: Նշենք, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունները նաև ՀԱՊԿ անդամներ են: Այս ամենին գումարվում է նաև հանգամանքը, որ ՀԱՊԿ առանցքային անդամ Ռուսաստանը տարիներ շարունակ Ադրբեջանին զենք է վաճառում և, ըստ էության, այդ երկրին սպառազինության թիվ մեկ մատակարարան է:
Այսօր Անատոլի Սիդորովին հարց ուղեցինք՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում քննարկու՞մ են տարբերակներ, որոնց համաձայն, կազմակերպության արագ արձագանքման ուժերը կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներքին խնդիրների լուծման համար: «ՀԱՊԿ միացյալ շտաբը, ըստ իր նշանակության, զբաղվում է կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմամբ, բայց հավաքական ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը:
Իսկ այժմ, ահա, տեստային ռեժիմով իր աշխատանքն է սկսել ճգնաժամային արձագանքման կենտրոնը՝ [որի նպատակն է] ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան կառույցներին հասու դարձնել հավաքական անվտանգության տարածաշրջաններում իրավիճակի գնահատականին, վերլուծությանը, ընդհանրացմանը: Սակայն նախապես [այդ ուժերի] օգտագործումը [ՀԱՊԿ անդամ երկրների] ներքին հակամարտություններում չի նախատեսվել, կարող եմ միանշանակ ասել՝ չկա նման բան, չի նախատեսվում»,- պատասխանեց գեներալը:
Ի դեպ, ՀԱՊԿ-ի այսօրվա զորվարաժությանը երկու օրից հաջորդելու է մյուսը: Հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվելու է «Փոխգործակցություն» անվամբ համատեղ զորավարաժություն՝ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորման մասնակցությամբ: