Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այսօր Հայաստանի կինոգործիչների միության արտահերթ համագումարում 88 ձայնով ընտրվեց ԿԳՄ նախագահ: Միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին նաև Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի և կինոռեժիսոր Վահե Գևորգյանցի թեկնածությունները: Վերջիններս ստացան, համապատասխանաբար՝ 17 և 27 ձայն:
Համագումարին ներկա էին ՀԳՄ անդամների մեծ մասը՝ 187 անդամներից 145-ը: Ինչպես հայտարարեց համագումարը նախագահող Ռուդոլֆ Վաթինյանը՝ «քվորումն ապահովված է»։ Համագումարի մասնակիցներից Ժան Նշանյանը դժգոհեց՝ համագումարին արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի կինոգործիչների մասնակցությունն ապահովելու որևէ հնարավորություն չկա: Ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի կինը՝ Իրինա Օրդուխանյանն իր ելույթում հարց ուղղեց Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանին՝ ինչու՞ է ուզում կրկին պաշտոն զբաղեցնել և ինչպե՞ս է իրեն իրավունք վերապահում, կինեմատոգրաֆիստ չլինելով ու միայն վարչական աշխատանքի փորձառությամբ՝ առաջադրել իր թեկնածությունը «այսքան անվանի կինեմատոգրաֆիստների ներկայությամբ»:
Կիևաբնակ հայտի կինոռեժիսոր Ռոման Բալայանն այդ ելույթից հետո մոտեցավ խոսափողին և ասաց՝ չարժե վիրավորել միմյանց: Սակայն նրա խոսքը, թերևս, նույնպես վիրավորական հնչեց՝ այս անգամ արդեն տիկին Օրդուխանյանի հանդեպ: Սրանք, թերևս, համագումարի ընթացքում տեղի ունեցած եզակի սուր բանավեճերն էին, ընդհանուր առմամբ համագումարը զարմանալիորեն հանդարտ անցավ, թեև դրան նախորդած գոնե վերջին ամսվա ընթացքում կինոգործիչները լրագրողների հետ հանդիպումների ժամանակ մշտապես սուր հարցեր էին բարձրացնում՝ կապված ներկայումս քննարկվող Կինոյի մասին օրենքի՝ կառավարության նախաձեռնած նախագծի, ինչպես նաև կինոգործիչների միության դերի, ֆինանսական «լուրջ խնդիրների», առհասարակ «հայ կինոյին պատուհասած» խնդիրների հետ:
Համագումարի ընթացքում, սակայն, կինոգործիչները որևէ սուր խոսք չհնչեցրին, սակայն նրանց քվեարկության արդյունքը ցույց տվեց, որ մասնակիցների մեծ մասը փոփոխությունների կողմնակից է և գերադասում է ոչ թե Ազգային կինոկենտրոնի նախկին ղեկավարի՝ Գևորգ Գևորգյանի կամ Կինոգործիչների միության նախկին ղեկավարի՝ վերջերս իր մահկանացուն կնքած Ռուբեն Գևորգյանցի որդու՝ Վահե Գևորգյանցի, այլ հենց Հարություն Խաչատրյանի հետ առաջ շարժվել՝ նրան վստահելով ԿԳ միությունը:
Այսօր համագումարը նաև վարչության կազմ ընտրեց: Նշենք, որ այդ ընթացքում սարքավորումների թերի աշխատանքի պատճառով գրեթե անլսելի էին թեկնածուների և ընտրվածների անունները: Վերջում Հարություն Խաչատրյանը ամբիոնից շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին: «Նաև նրանց, ովքեր հավատացել են ինձ ու հավատում են: Նաև մարդկանց, որոնք չեն հավատացել: Մենք դառնում ենք մի բանակ, որովհետև տեսաք, թե ինչպես սիրով ես և Վահե Գևորգյանցը և Գևորգ Սարգիսովիչը ողջագուրվեցինք՝ իրար շնորհավորելով: Մենք լինելու ենք միասին, բոլորս»,- ասաց ԿԳՄ նորընտիր նախագահը:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Խաչատրյանն ասաց․ «Փառք Աստծո, փառք կինեմատոգրաֆիստներն, որ ընտրեցին ինձ․․․ ոչ թե ինձ, այլ նաև այն հնարավորությունը, որը մենք պետք է ունենանք և կատարենք, դեպի առաջ, դեպի նոր կինո»: Հիշեցնենք՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը արդեն իսկ մեծ հեղինակություն վայելող «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, ինչպե նաև Ազգային կինոակադեմիայի հիմնադիրն է: