Միջնորդները Երևանում քննարկել են Սարգսյան – Ալիև հանդիպման կազմակերպման հարցը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներն: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը: Նշվում է նաև, որ հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը:

Գրեթե մեկ ու կես տարվա դադարից հետո Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ Նալբանդյանը նաև քննարկել է Ղարաբաղում սահմանային իրավիճակը, «Ազատությանը» տեղեկացրեց Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Միջնորդները նույնիսկ նախագահների հանդիպումն են դժվարանում կազմակերպել, հետևաբար այս փուլում բանակցային էական առաջընթաց սպասել պետք չէ, կարծում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: - «Կարելի է ասել, որ նախկինում ինչպես որ եղել է՝ հիմնականում այդ ֆորմատով էլ համանախագահները փորձում են ակտիվ պահել, գոնե չսպանել բանակցային գործընթացը», - մեկնաբանեց քաղաքագետը:

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե պատրաստվում է Մինսկի խմբի միջնորդների հետ քննարկել Հայաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը: - «Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, և դա շատ կարևոր հարց է», - ասել է Ադրբեջանի նախագահն ընդգծելով՝ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների նկատմամբ Եվրամիությունը պետք է նույն դիրքորոշումը ցուցաբերի, հակառակ պարագան կընդունվի որպես երկակի մոտեցումների ցուցաբերում:

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից երկու օր առաջ Ղարաբաղ էր այցելել ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերը: Օգոստոսի վերջից համանախագահի պաշտոնը ստանձնած Շեֆերը երեկ էլ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին: Հաջողություններ մաղթելով նորանշանակ համանախագահին՝ Սարգսյան ընդգծել է, որ նա դիվանագիտական առաքելությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի բավականին բարդ ժամանակահատվածում:

Վերջին անգամ Սարգսյան-Ալիև հանդիպում կայացել էր նախորդ տարվա հունիսին, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը մեկնելու են Բաքու: