«Ելք»-ը որոշեց Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպը դարձնել էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի քննարկման թեմա:
Այսօր, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի դահլիճում հայտարարել է, որ երեկ տեղեկացրել է՝ «Գեղամյանի խուլիգանական պահվածքի մասին», բայց որևէ համարժեք արձագանք ՀՀԿ խմբակցությունից չի եղել: Եթե սա մարտահրավեր է «Ելք»-ին և նրա ընտրողիներին, Փաշինյանի խոսքով՝ իրենք ընդունում են այն:
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ առաջիկայում շրջանառության մեջ կդնեն համապատասխան նախագիծը:
«Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի որպես ժամանակավոր հանձնաժողով՝ ըստ պահանջի», - հիշեցրեց պատգամավորը: - «Հիմա դրա պահանջը կա, և մենք նախաձեռնությամբ հանդես կգանք ստեղծելու այդ հանձնաժողովը, որը կհետազոտի, կհետաքննի դեպքը և համապատասխան եզրակացությամբ հանդես կգա», - հավելեց նա:
Փաշինանը պնդում է, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ բռունցքներով հարձակվել է իր վրա: Նրա գործընկեր Էդմոն Մարուքյանն «Ազատությանը» մանրամասներ է փոխանցել՝ մոտենալով Փաշինյանին Գեղամյանն ասել է՝ «իմ անունն էլ չտաս», ապա՝ հարվածել: Գեղամյանը հերքում է, թե նման միջադեպ եղել է: Գեղամյանը հերքում է, թե նման միջադեպ է եղել:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում երեկ, այնուհանդերձ, հայտարարեց՝ պատգամավորների մեջ եղել է վիճաբանություն, բայց բռունցնքեր գործի են դրվել, թե ոչ՝ ձեռնպահ մնաց պատասխանել, ասաց՝ ինքը դեպքին ներկա չի եղել։
Այսօր տարածած հայտարարությամբ Բաղդասարյանը փոխանցել է Հանրապետական կուսակցության ու խմբակցության տեսակետը՝ խիստ բացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի:
«Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները և վերադառնալ քաղաքակիրթ դաշտ», - ասված է հայտարարությունում։
«Ելք»-ից Գևորգ Գորգիսյանն ասում է՝ իրենց ընդհանուր դատապարտումները չեն բավարարում, Հանրապետականից ակնկալում են կոնկրետ գնահատական տալ Արտաշես Գեղամյանի գործողություններին:
«Մինսկի խմբի ոճով հայտարարությունները, որ՝ կողմերը լավ կլիներ զուսպ լինեին․․․ շատ կներեք, մենք զուսպ էինք, թող հասցեական ասեն», - այսօր արձագանքեց «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը: - «Ուղղակի՝ մենք իմանանք, ի գիտություն ընդունենք՝ եթե այսուհետ Հանրապետականը նման ձևով է գործելու, մենք իրենց պատրաստ միջանցքում սպասենք՝ բռունցքներով, եթե այդպես են գալու մեր վրա»:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ իրենք ակնկալում են, որ նման դեպքերը պետք է պատժվեն օրենքի սահմաններում: - «Հենց դրա համար մենք նախաձեռնել ենք հանձնաժողովի ստեղծումը», - հավելեց Գորգիսյանը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ իրենց կուսակցությունը հասցեական գնահատական չի տալիս, նշեց․ - «Որովհետև տարբեր կարծիքներ կան, դրանք մեզ հիմք են տալիս երևույթը, որպես այդպիսին, անընդունելի համարել: Աշխարհի որևէ խորհրդարան ապահովագրված չէ նմանատիպ երևույթներից: Մենք նույնպես բացառություն չենք»:
Ճշտող հարցին, թե ինքը կողմերից ո՞ւմ է հավատում, ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց՝ «իմ խմբակցության անդամին»:
Արձագանքելով էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ «Ելք»-ի մտադրությանը՝ Գագիկ Մելիքյանն ասաց՝ առաջարկը կլինի, կքննարկեն»:
Եթե հանրապետականները դեմ լինեն հանձնաժողովի ստեղծմանը, Գորգիսյանի խոսքով, կնշանակի ընդունում են, որ Արտաշես Գեղամյանը մեղավոր էր: - «Եթե առհասարակ իրենք քննադատում են նման մոտեցումը, ուրեմն պետք է ստեղծեն հանձնաժողով», - հավելեց նա: