Ալիևը միջնորդների հետ կքննարկի Հայաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ պատրաստվում է քննարկել Հայաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը: Այս մասին Ալիևը հայտարարել է երեկ՝ Բաքվում Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը:

«Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, և դա շատ կարևոր հարց է», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով․ - «Հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների նկատմամբ Եվրամիությունը պետք է նույն դիրքորոշումը ցուցաբերի, հակառակ պարագան կընդունվի որպես երկակի մոտեցումների ցուցաբերում»:

Տարածաշրջանային այցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ժամանել են Երևան, Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ շուտով տեղի կունենա Ղարաբաղյան հարցով միջնորդություն իրականացնող երկրների ներկայացուցիչների հանդիպումը Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին, Ղարաբաղ էր այցելել Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերը: Օգոստոսի վերջից համանախագահի պաշտոնը ստանձնած Շեֆերը երեկ էլ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում:

Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ, հաջողությամբ կշարունակվեն և ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին համանախագահները այցելելու են Երևան, իսկ հաջորդ օրը՝ Բաքու: Վերջին անգամ միջնորդ երկրների ներկայացուցիչները տարածաշրջան էին այցելել հունիս ամսին:

Շուրջ երկու շաբաթ առաջ՝ Նյու Յորքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։