«Փառատոնն աննախադեպ է․ այն տևելու է մինչև նոյեմբերի 10-ը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Փառատոնի ավարտից գրեթե անմիջապես հետո տեղի կունենան մասնագիտական քննարկում և Կոմպոզիտորների միության ղեկավար կազմի ընտրություններ․ - «Նոյեմբերի 10-ին քննարկում եմ նշանակել և ընտրություններ»:
Արամ Սաթյանը համոզված է, որ հենց քննարկումները և մասնագիտական օբյեկտիվ գնահատականները կնպաստեն հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացմանը․ - «Ընդհանրապես քննարկումները մեզ պետք են: Շատ անգամ մենք հնչեցնում ենք երաժշտություն և հետո կարծիք չենք ունենում՝ արդյոք ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ․․․ Օրինակ, նախանցյալ տարի մենք արեցինք երգչախմբային երաժշտության համերգների քննարկում: Պարզվեց, որ ահագին մենք բացթողումներ ունենք: Եվ այսօր մենք ունենք ահագին քանակությամբ նոր ստեղծագործություններ, որոնք արդեն այլ կերպ են ներկայացվում: Շատ կարևոր են կատարումները»:
Նվագախմբերը, իհարկե, կատարում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, բայց միշտ չէ, որ հնչում են հենց այսօր ստեղծվող ստեղծագործություններ, այնինչ, Սաթյանի համոզմամբ, դա չափազանց կարևոր է կոմպոզիտորական դպրոցի զարգացման համար․ - «Որովհետև եթե կոմպոզիտորը չլսի իր ստեղծագործությունները, հատկապես սիմֆոնիկ, մեր մոտ ուղղակի դա չի զարգանա: Դրա համար շատ կարևոր է համագործակցությունը կատարողների հետ: Նվագախմբերը ասում են, որ ունեն իրենց ծրագրերը: Նրանք կատարում են հայ երաժշտությունը, բայց ընթացիկ մեր ծրագրերը, երբ որ մենք ընտրում ենք լավագույն ստեղծագործություն, նրանք ուղղակի չեն հնչում․․․ Իրենց [նվագախմբերի] համար հետաքրքիր է կատարել այն ստեղծագործությունները, որոնք կայացած են՝ արդեն կատարումներ ունեն, արդեն ունեն որակավորում: Բայց առաջին անգամ կատարելը աննախադեպ բան ա»:
Անդրադառնալով մեկ ամիս հետո Կոմպոզիտորների միությում կայանալիք ընտրություններին՝ միության նախագահը շեշտեց․ - «Սա պաշտոն չի: Սա չարչարանք է, սա խայտառակ չարչարանք է: Այսօր միություն ղեկավարելը դա սարսափելի ծանր գործ է: Եվ եթե որևէ մեկը կարող է ստանձնել դա ավելի լավ անել, թող անի․․․ Ես ստեղծագործ մարդ եմ, առաջին հերթին պետք է մտածեմ իմ ստեղծագործելու մասին: Եթե ինձ հավատան, նորից վերընտրեն, լավ է: Եթե չընտրեն՝ ավելի լավ է»:
Գնահատելով իր ղեկավարության օրոք կատարված աշխատանքը՝ Սաթյանն ասաց․ - «Եթե համեմատության եզր գտնենք նախորդ քսանմեկ տարիների հետ, ուղղակի համեմատելու բան չի: Մենք արել ենք այն, ինչ որ այն ժամանակ չէր էլ արվել»: