Փաշինյանը պնդում է, թե Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա

Գեղամյանը հերքում է, թե նման միջադեպ է եղել:

Ազգային ժողովի «Ելք» խմբկացության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այսօր առավոտյան խորհրդարանի միջանցքում իրեն բռունցքներով հարվածել է իշխող Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:

«ԱԺ միջանցքում Ա․ Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա: Հաջողությամբ պաշտպանվեցի, մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով: Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում», - լրագրողներին ասաց Փաշինյանը:

Արտաշես Գեղամյանը հերքում է, թե բռունցքներով հարվածել է Փաշինյանին: Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի դեմքը կարմրած էր, Գեղամյանը արձագանքեց․ - «Ամոթից կարող ա կարմրել ա, որովհետև անհեթեթ հարցադրումներով ասում է․․․ մարդ է, կարող ա խիղճը տանջել է, ամոթից կարմրել է․․․ Եթե ես բռունցքներով հարձակվեմ որևէ մեկի վրա, համոզված եղեք, իրան հիվանդանոց կտանեն, որովհետև երեքուկես տարի բռնցքամարտով եմ զբաղվել»:

Լրագրողներից մեկն ասաց, թե Փաշինյանը հայտարարել է, որ իր կոշիկները փայլեցրել է Գեղամյանի հագուստի վրա: Վերջինս հակադարձեց․ - «Դուք որևէ փայլ տեսնո՞ւմ եք․․․ Դեռ մանկությունից իմ մեջ տպավորվել է մի պարզ ճշմարտություն՝ եթե տղամարդը կռիվ է անում, ապա այդ կռվի մասին չի տարածվում՝ անկախ նրանից, թե ինչքան լավը նա կերևա՝ եթե տարածվի»:

Երբ Գեղամյանի խոսքերը փոխանցեցին Փաշինյանին, նա ասաց․ - «Դա նշանակում ա, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյան ա»:

Այսօր ավելի վաղ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցի քննարկման ժամանակ երկու պատգամավորների միջև բանավեճ էր տեղի ունեցել:

Փաշինյանն ամբիոնից անդրադարձել էր Գեղամյանի հայտարարություններին․ - «Երեկվա քննարկումների կոնտեքստում ստեղ հայտարարություններ են հնչում: Արտաշես Գեղամյանը կոմունիստական կուսակցության և «Ազգային միաբանության» անդամ․․․ Արտաշես Գեղամյանը ասում ա՝ Արաքսը անցնենք, մտնենք Մուշ, Արդահան․․․ Պարոն Գեղամյան, էդ Հայ Յեղափոխական Դաշնակցության ռիտորիկան ա, Դրա հետ ի՞նչ գործ ունեք: Դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին: Մուշի ու Արդահանի, Արաքսի հետ ի՞նչ գործ ունեք»:

Գեղամյանը սա անարձագանք չթողեց․ - «Չափդ մի կորցրու»:

Փաշինյանը հայտարարեց․ - «Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա: Եվ հետաքրքիրն այն է, որ նա հիմա մամուլին հերքում է: Ես ուզում եմ ասել, որ եղել են վկաներ՝ և՛ Ազգային ժողովի պատգամավոր, և՛ լրագրող, և՛ Ազգային ժողովի անվտանգության ծառայության աշխատակիցներ: Պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ Հանրապետական խմբակցությունից: Եվ պետք է շատ հստակ պարզաբանվի, թե էս խուլիգանական արարքը ինչ կապ ունի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ ոչ հեռավոր անցյալում արտահայտած էն մտքի հետ, թե՝ ձեր պադյեզդները զգույշ մտեք, կարող ա ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա շատ լուրջ հարց է, և մենք մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի մեր հետևությունները անենք մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն «Ազատության» հետ զրույցում արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը․ - «Բնականաբար դրանք մեկը մյուսի հետ որևէ աղերս չեն կարող ունենալ: Հանրապետական խմբակցությունը և ընդհանրապես Հանրապետական կուսակցությունը անընդունելի է համարում նման երևույթներով, վիճաբանությամբ, նման ոչ քաղաքակիրթ մոտեցումներով հարցերի պարզաբանումը»:

Բաղսասարյանը տեղի ունեցածը մեկնաբանեց, թե տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Փաշինյանն ու Գեղամյանը իրար չեն հասկացել․ - «Մենք հորդորում ենք երկու քաղաքական գործիչներին, ընդհանրապես հորդորում ենք քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, որ ձեռնպահ նման քաղաքական խնդիրները լուծել անձնական նեղ հարաբերություններով: Պետք է քաղաքական հարցերը լուծվեն քաղաքական բանավեճերի արդյունքում»:

Տարածված լուրերի համաձայն, այսօրվա միջադեպին ականատես է եղել նաև «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը: Պատգամավորը, սակայն, տեսախցիկների առաջ հայտարարեց, թե երբ մոտեցել է, ամեն ինչ ավարտված է եղել: Նրա խոսքով՝ ինքը Փաշինյանին ու Գեղամյանին տեսել է Ազգային ժողովիի ճաշարանի մուտքի մոտ:

Խորհրդարանի հանրային կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե արդյոք խորհրդարանի միջանցքներում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են միջադեպը: Բաբայանն ասաց, որ «անվտանգության տեսախցիկների նկարահանումները դիտվում են միայն անհրաժեշտության դեպքում»: Նրա խոսքով՝ այս պահին չկա իրավական նման անհրաժեշտություն:

«Ելք»-ը կարծում է, որ տեղի ունեցածով պետք է զբաղվի Էթիկայի հանձնաժողովը: Խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց․ - «Մենք որոշման նախագիծ ենք ներկայացնելու Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նպատակով: Սա մեր հայտարարությունն է, և կանխակալ վերաբերմունք կամ գնահատականներ կխուսափենք տալուց, որպեսզի քննարկվի, և այդ հանձնաժողովը եզրակացությունը տա: Հուսով ենք, սա չի արժանանա մեր մյուս նախաձեռնությունների ճակատագրին»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով, Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարց Հանրապետականը չի քննարկել: