Հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանին կպաշտպանի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի սպառնալիքներից. Շարմազանով

Խորհրդարանն այսօր 87 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, դեմ արտահայտվեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները։

Նշենք, որ ըստ համաձայնագրի, զինված ուժերի միացյալ խմբավորումը 2 երկրների քաղաքացիներին պետք է պաշտպանի արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։

Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության և պաշտպանական համակարգի ամրապնդման համար է, որ միտված է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը բոլոր սպառնալիքներից՝ կլինի դա Ադրբեջանից, թե Թուրքիայից։

Նկատենք, սակայն, հայ-ռուսական զորախումբը Ղարաբաղի վրա հարձակման դեպքում միջամտության լիազորություն չունի։

«Ազատություն». - Եթե նույն Տավուշում, իսկապես նույն իրավիճակը սկսվի, այս զորախումբն ի՞նչ է անելու, կգնա՞, օրինակ, Տավուշի մարզ Չինարի գյուղ և կփորձի՞ սահմանամերձ շրջանում որոշակի գործողություն կատարել։

Շարմազանով. - Ես չեմ ուզում, որ մենք այդքան պրիմիտիվ նայենք այդ զորախմբին, ես ավելի գլոբալ եմ նայում։

«Ազատություն». - Մարդիկ ուզում են հասկանալ՝ եթե սկսվում է ինչ-որ լարված իրավիճակ, իրենք կարո՞ղ են որոշակի հույսեր կապել այս համատեղ զորախմբի հետ։

Շարմազանով. - Նախևառաջ, եթե Հայաստանի Հանրապետության սահմանների վրա սկսում է որևէ լարված իրավիճակ և Հայաստանի Հանրապետությունը դիմում է իր դաշնակիցներին՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, նրանք պարտավոր են, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, միջամտել և պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը, այդ թվում՝ նաև այդ զորախումբը, եթե կարիք լինի։

«Ազատություն». - Պետք է դիմե՞լ այդ զորախմբին։

Շարմազանով. - Խաղաղ ժամանակ սրա ղեկավարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարին, Աստված մի արասցե, մարտահրավերների ժամանակ և պատերազմական ժամանակ երկու՝ հայկական և ռուսական կողմը միասին կոնսենսուսով կառավարում են։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, Դուք կարծում եք, որ հանրությունն իսկապես կկարողանա՞ ճիշտ ընկալել, թե ինչպես է Ռուսաստանն ամենավերջին հարձակողական զենքերով զինում Ադրբեջանին, հետո գալիս Հայաստանի հետ համատեղ զորախումբ ստեղծում, որպեսզի Ադրբեջանի սպառնալիքները չեզոքացնի։

Շարմազանով. - Նախ Ռուսաստանը չի ստեղծում, մենք միասին ենք ստեղծում, երկրորդը՝ հանրության փոխարեն չեմ կարող խոսել, և դա անշնորհակալ գործ է՝ հանրության կարծիքը վերարտադրել և ասել։

«Ազատություն». - Ռուսաստանի այս պահվածքը կհասկանա՞ հանրությունը։

Շարմազանով. - Ո՞ր պահվածքը։

«Ազատություն». - Այն, որ մի կողմից զինում է, մյուս կողմից գալիս, ասում է՝ «ես իմ զինած երկրից քեզ կպաշտպանեմ»։

Շարմազանով. - Լավ, մի վայրկյան, ես Ձեզ բան եմ ասում՝ եթե մենք էս միացյալ զորախումբը չենք ստեղծում, դրա փոխարեն ի՞նչ ենք ստեղծում։ Հլը զենքի վաճառքը դիր մի կողմ, եթե այս միացյալ զորախումբը մեզ հավելյալ հնարավորություն է տալիս անվտանգության ամրապնդման․․․եթե դուք երկու վերարկու ունենաք, երրորդ վերարկուն ձեզ նվիրեն կամ մատչելի գնով տան, դուք կվերցնեք, չէ՞, չեք ասի, որ ինձ տալիս է էդ վերարկուն, մի վերարկու էլ տվել է հարևանի կնոջը: Սա բխում է մեր պետական շահերից: Եթե ես գտնեի, որ այս միացյալ զորախումը ոչ թե ավելացնում է, այլ վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունը, կներեք՝ էդքան քաջություն ունեի, որ դեմ քվերակեի:

«Ազատություն». – Զորախումբը Ղարաբաղի անվտանգության հարցերով չի՞ զբաղվելու:

Շարմազանով. – Ոչ, Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Պետք չի պրիմիտիվացնել:

«Ազատություն». – Ինչու՞ է Ռուսաստանն ուզում Հայաստանի հետ նման զորախումբ ստեղծել:

Շարմազանով. – Ռուսաստանը չի ուզում, մենք ենք ուզում Ռուսաստանի հետ միասին: Մենք երկուսով ուզում ենք: Այնպես չի, որ Ռուսաստանն ուզում է, մենք դեմ ենք, նման բան չկա: Ոչ՛ ԵՏՄ ենք Ռուսաստանի ուզելով մտել, Ոչ՛ ՀԱՊԿ, ո՛չ էլ էս միավորված զորախումբը:

«Ազատություն». – Ռուսաստանի շահը ո՞րն է:

Շարմազանով. – Ռուսաստանն այստեղ՝ Հարավային Կովկասում, ինչպես Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իրանը, ունի լուրջ պետական աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական շահեր:

«Ազատություն». – Այստեղ ռուսական 102-րդ ռազմաբազան Ռուսաստանին չի՞ բավարարում ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ներկայությունը տարածաշրջանում ապահովելու համար:

Շարմազանով. – Կներեք, որ դուք երկու վերարկու ունենաք, հնարավորություն լինի երրորդ վերարկուն մատչելի գնով վերցնել, կառնե՞ք, թե չէ:

Անդրադառնալով նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի այն պնդմանը, թե Ռուսաստանին անվճար տրամադրվող 102-րդ ռազմաբազայի վարձակալության գումարով, որը 2-ից մինչև 10 միլարդ դոլար կարող է կազմել, Հայաստանը հնարավորություն կունենա զենք- զինամթերք ձեռք բերելու ցանկացած երկրից, իշխող Հանրապետականի խոսնակը հակադարձեց՝ նաև Արամ Սարգսյանի վարչապետության ժամանակ Ռուսաստանին ռազմաբազան տրամադրվել է անվճար հիմունքներով։ Ավելին, ըստ Շարմազանովի, Հայաստանին մատչելի գներով տրամադրված ռուսական զենք-զինամթերքը համարժեք է ռազմաբազայի վարձակալությունից ստացվելիք գումարին։

«Նոր չի եղել, որ Սերժ Սարգսյանը, Էդվարդ Շարմազանովն ու Վիգեն Սարգսյանը քնեցին զարթնեցին, ասեցին՝ ռազմաբազայի փողը մի տվեք: Լևոն Տեր-Պետրոսյանը հայրենասեր չի եղել, Ռոբերտ Քոչարյանը չի եղել, Վազգեն Սարգսյանը չի եղել, Սերժ Սարգսյանը չի եղել, մենակ իրենք եղան հայրենասե՞ր: Էն օգուտներով, էն մատչելի տարբերակով, որ մեզ տրամադրում է զենք և զինամթերք Ռուսաստանի Դաշնությունը, որևէ պետություն չի կարող էդ ծավալի և դրան մոտ պայմաններով առաջարկել»,- ասաց Ազգային ժողովի փոխոսնակը:

Նա այսօր վերահաստատեց երեկ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած իր այն միտքը, թե Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ ապահովել իր անվտանգությունը: Շարմազանովը շեշտեց՝ իր այդ հայտարարությունը տրամաբանական է, այժմ էլ պնդում է՝ որևէ երկիր, բացառությամբ մի քանի գերտերությունների, միանյակ չի կարող ամբողջությամբ կազմակերեպել իր պաշտպանությունը։

«Եթե այդպես լիներ, ապա ինչու՞ էր ստեղծվում ՆԱՏՕ-ն, ինչու՞ էր ստեղծվում ՀԱՊԿ-ը: Եթե մենք միայնակ կարող էինք ամբողջությամբ մեր պաշտպանությունն ապահովել, բա ինչու՞ ենք մտել ՀԱՊԿ: Էս ռուսական 102-րդ ռազմաբազան ի՞նչ է անում, ձևի համար, ֆասադի համար բերել դրե՞լ ենք: Հունաստանն ինչու՞ է մտել ՆԱՏՕ, Լեհաստանն ինչու՞ է մտել ՆԱՏՕ: Սպառնալիք են տեսնում, հասկանում են, որ միայնակ չեն կարող էդ մարտահրավերներին դիմակայել, դրա համար էլ մտել են:

Եվ նրանք, ովքեր իմ հայտարարությունը ցանկանում են խեղաթյուրել և այլ կերպ մեկնաբանել, կամ քաղաքական շառլատաններ են, կամ պոպուլիստներ, կամ էլ պաշտպանական համակարգից որևէ բան չեն հասկանում»,- ասաց Էդվարդ Շարմազանովը: