Իրանը և Թուրքիան քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում սահմաններն անփոփոխ թողնելու համար

Իրանի և Թուրքիայի նախագահները Թեհրանում համատեղ ասուլիսի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2017թ․

Իրաքի ինքնավար Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո Իրանի և Թուրքիայի նախագահները հավաստիացնում են, որ քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում սահմաններն անփոփոխ թողնելու համար:

«Թուրքիան, Իրանն ու Իրաքը տարբերակ չունեն և պետք է լրջագույն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում իրենց ռազմավարական շահերը պաշտպանելու համար», - ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Հանրաքվեն ոչ-լեգիտիմ որակելով՝ Էրդողանը ասել է․ - «Այս պահից ի վեր շատ ավելի հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն»:

Քուրդիստանում սեպտեմբերի 25-ի հանրաքվեին մասնակցությունը եղել է ավելի քան 72 տոկոս՝ չնայած Արևմուտքի և հարևան երկրների ճնշումներին: Ձայների 92․73 տոկոսը տրվել է անկախության օգտին:

Պաշտոնական Բաղդադը Քուրդիստանից պահանջել է անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները, հակառակ դեպքում կշարունակվեն պատժամիջոցները և հնարավոր է նաև ռազմական միջամտություն: