«Ռուսաստանը ելել է մեր շալակը». Արամ Սարգսյան

Խորհրդարանն այսօր 7 կողմ, 81 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախագիծը:

Նկատենք՝ կողմ են քվեարկել միայն «Ելքի» 7 պատգամավորները, մնացած բոլոր խմբակցությունները՝ իշխանական կոալիցիայի մաս կազմող Հանրապետականը, ՀՅ Դաշնակցությունը, ինչպես նաև ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը դեմ են արտահայտվել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելքի» այս առաջարկը քննարկվել և բացասական եզրակացության էր արժանացել դեռևս անցած շաբաթ, սակայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը՝ օգտվելով Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը համարեց արտահերթ և այն ներկայացրեց խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, որտեղ այն նույնպես մերժվեց։

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իրենց համար խորհրդարանի մեծամասնության քվեարկությունը սպասելի էր։

Սարգսյանի փոխանցմամբ, քննարկումների ընթացքում իշխող հանրապետականների հիմնավորումները ցույց տվեցին, որ նրանցից շատերը պարզապես կասկածի տակ են դնում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, որ Հայաստանն առանց Ռուսաստանի ունակ չէ իր սահմանները պաշտպանել ու հակառակորդներին հակահարված տալ։

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, իշխանությունը՝ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանից սկսած, մինչև նախարարներ, ամեն ինչ անում է՝ Ռուսաստանին հաճոյանալու և իշխանությունը պահելու համար։

«Մեր արտաքին գործերի նախարարությունն ամբողջ աշխարհով մեկ սպասարկում է Ռուսաստանի շահը և քվեարկում է այնպես, ինչպես ուզում է Ռուսաստանի արտգործնախարարությունը», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Մեր էներգետիկան ամբողջությամբ ռուսական է ու շարունակում է այդպիսին մնալ, ու պետք է հարց տալ վարչապետին՝ «մենք էլ ի՞նչ ունենք, որպես պետություն, որ ռուսներին չենք տվել», որ իմանանք հետագայում ինչ են տալու։ Ու իրենք խոսում են, որ՝ «գիտեք ինչ, Եվրասիականից դուրս գալուց Հայաստանի վիճակն ահավոր, ահավոր...», էս բառը, շիկահերներին բնորոշ բառը սիրում են ու հաճույքով են արտասանում, ինչը ծիծաղ կառաջացներ։ Սրանից վատ էլ ի՞նչ պետք է լինի: Որ Հայաստանից արտագաղթում են ու արտագաղթում են աշխատանք չունենալու պատճառով, դա ակնհայտ է, որ այդ արտագաղթի տեմպերը սոսկալի չափերի են հասել, դա էլ է միանշանակ։ Հնարավորություն ունեցողներն են անգամ գնում. նրանք գնում են Եվրոպա ու Միացյալ Նահանգներ, իշխանությունից մեկ շաբաթ առաջ պաշտոնից դուրս եկածներն իրենց ունեցվածքն ու հնարավորությունը տեղափոխում են Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա ու այնտեղ են բիզնես դնում, այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն, լեզու չունեն, փող չունեն, ստիպված արտագաղթում են Ռուսաստան, ու դրդապատճառն էլ էս է՝ քանի որ իրենք այնտեղ են, մենք պարտավոր ենք թույլ տալ, որ ռուսները մեր շալակը ելնեն, զենք ու զինամթերք վաճառեն Ադրբեջանին, Թուրքիայի հետ բանակցեն մեր մասով», - «Ազատություն» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Նախկին վարչապետը շեշտում է՝ Հայաստանում ներդրումներ չեն կատարվում, ինչ թվեր էլ փորձի կառավարությունը ներկայացնել՝ երկրի տնտեսական վիճակի գլխավոր ցուցիչը ներդրումներն են, որոնք զրոյի են հասնում։

Արամ Սարգսյանն այս իրավիճակը բնական է համարում, քանի որ որևէ եվրոպացի Եվրասիական տնտեսական միությունում ներդրում չի անի, իսկ Ռուսաստանն այսօր Հայաստանում ներդրումներ անելու համար գումար չունի:

«Որովհետև եվրասիական տնտեսություն, որպես այդպիսին, գոյություն չունի, երկրորդ՝ այդ երկրներում չի գործում օրենքը, այլ գործում է գործող իշխանության կամքը, այսինքն՝ այդ երկրներում իշխանություններ են, որոնք իրենցից ներկայացնում են թե՛ դատական համակարգը, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր համակարգը, ու դրանք տարանջատ չեն, և առաջին դեմքի հրահանգով կարող է դատարանը որոշում կայացնել։ Երկրորդ՝ այդ երկրներում հիմնականում տնտեսական ոլորտները և ձեռնտու ոլորտները մոնոպոլիզացված են, բաժանված են, և որևէ երրորդ մարդ չի կարող Հայաստանում մտնել տարբեր շուկաներ՝ սուրճի շուկայից սկսած, շաքարավազով, դեղորայքով դուրս եկած, ո՞վ կարող է գալ, այստեղ բիզնես դնել», - ասաց Սարգսյանը։

Ի դեպ, հակադարձելով հանրապետական պատգամավորների այն պնդումներին, թե Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր Հայաստանին այդքան մատչելի գներով զենք-զինամթերք չի վաճառել, Արամ Սարգսյանը մատնացույց է անում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, որը Հայաստանը Ռուսաստանին է տրամադրել անվճար հիմունքներով, մինչդեռ, ըստ նախկին վարչապետի, այդ ռազմաբազայի վարձակալության գումարներով Հայաստանը կարող է զենք-զինամթերք ձեռք բերել ցանկացած երկրից։

Ռազմաբազան, ըստ Արամ Սարգսյանի, կարող է 2 միլիարդից մինչև 10 միլիարդ դոլար գնահատվել։

«Ռուսաստանը հենց այնպես ոչինչ չի անում, ինքը տեսնում է այդ արժեքն, ու եթե այդ արժեքը կրկնակի չլինի, քան ինքը տալիս է, երբեք չի անի։ Ես հիշեցրեցի նաև, որ 200 միլիոն պարտք է տվել մեզ ու այդ պարտքով, էդ գումարով մենք զենքը միայն իրենից պետք է առնենք, չենք կարող Չինաստանից կամ Արաբական Էմիրություններից առնել, որոնք նույնպես զենք վաճառում են, միայն իրենից պետք է առնենք ու իրենից արդեն երկու տարի է այդ 200 միլիոնի զենքը տեղ չի հասել, այն դեպքում, որ Ադրբեջանին վաճառած զենքն այս տարվա կտրվածքով արդեն մոտավորապես 800 միլիոնի կարգի է կազմում։ Այսինքն՝ այդ բազան իր տարածքներով, իր ունեցած հնարավորություններով, իր քաղաքական ազդեցությամբ անգնահատելի է, կարող է 2 միլիարդից մինչև 10 միլիարդ գնահատվել հենց քաղաքական ազդեցության ու ներկայության առումով։ Այս տարածաշրջանում բազա ունենալու ներկայությունը գին ունի, էդ գինը հաստատ մեր բյուջեից ավելին է։ Եթե որևէ մեկը կասի՝ «չէ, այդ գինն այդպիսին չէ», ես պատրաստ եմ իր հետ բանավիճել», - ասաց Արամ Սարգսյանը։

Հավելենք, որ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, այսօր խոսեց ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի հետ սահմանը փակ պահող Թուրքիային վաճառվող ռուսական զենքի մասին:

Ընդդիմադիր պատգամավորը զգուշացրեց ՝ Թուրքիային վաճառվող C-400 (S-400) համակարգերն, անկասկած, մի օր գործի կդրվեն Հայաստանի դեմ:

«Շատ ուրախացաք չէ՞ «Իսկանդերների» վրա։ Այո՛ Ռուսաստանն արդեն Թուրքիային վաճառում է C-400 համակարգեր, որով ձեր «Իսկանդերները» կդառնան սովորական մի խաղալիք։ Երբ որ պետք լինի, Ադրբեջանի օդում Թուրքիան Ռուսաստանի տված C-400-ներով կխփի էդ «Իսկանդերները», կասկած չունենաք», - ասաց Փաշինյանը։