Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Կճոյանը Սուքիասյանին պետք է պաշտպանեին Աֆրիկայում․ Փաստաբան

Կիպրոսյան օֆշորի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը դատարանում, 5-ը մայիսի, 2016 թ․

Ըստ փաստաբանի, իրենք դատարանի որոշումը բողոքարկելու են, քանի որ «դատաքննությունն ընթացել է Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք խախտումներով»:

Հայտնի օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը կիպրոսյան ընկերության համասեփականատերեր է գրանցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որպեսզի նրանք Սուքիասյանին Աֆրիկայում պաշտպանեն ճնշումներից: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանն անցած երկուշաբթի Աշոտ Սուքիասյանին դատապարտեց 16 տարվա ազատազրկման՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի բռնագանձելով 8,9 միլիարդ դրամ: «Կա բացված «Վլիսպերա» ընկերություն, որն ունի հաշվեհամար: Որպես «Վլիսպերա» ընկերության բաժնետոմսերի տերեր՝ երեք անձ է գրանցել: ՍՊԸ-ն բացելու համար պետք է գրանցեր երեք անձ: Որոշել է այդ անձանց՝ լավ իմանալով իրենց, եկեղեցական հոգևոր կյանքից իմանալով, որովհետև Աշոտ Սուքիասյանը եղել է եկեղեցու խաչքավոր, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, եթե չեմ սխալվում, եղել է եկեղեցու ատենապետ:

Որպեսզի խուսափի ընկերության վրա հետագա ճնշումների գործադրումից, գործով երևաց, որ այդ ճնշումները կան: Իրեն խաբեցին և չգրանցեցին իր ընկերությունը, GMS global ընկերության մեջ 50 տոկոս բաժնետոմս ինքը գնել էր, սակայն չեն գրանցել, նույն GMS global-ի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը և Անջեյ Վալչիկովսկին»,- ասաց Յուրիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, այդ ազգանուններն օգտագործելով, Սուքիասյանն իրեն դրել է ավելի վատ վիճակի մեջ, դրանից էլ օգտվել է գործարար Փայլակ Հայրապետյանը: «Նա շահարկեց, թմբկահարեց, դեղին մամուլով ստեղծեց այնպիսի վիճակ, որ մարդիկ մտածեցին՝ իրականում ինչ-որ բան է կատարվել և խեղճ Փայլակ Հայրապետյանը, ով նեղ տարիներին 100 միլիոն դոլար արդեն կուտակել էր իր ասելով, հանկարծ իրենից տարան, գցեցին»,- հավելեց փաստաբանը:

Գործարար Փայլակ Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավ է դրել «Ամերիա» բանկում, որն այն գնահատել է ընդամենը 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10,7 միլիոն դոլար: Սակայն վերջինս այդ գումարը պայմանավորվածության համաձայն Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Արդյունքում՝ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսյան օֆշորային այդ ընկերության համասեփականտերերի ցանկում գրանցված են եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը: Դատաքննության ընթացքում որպես վկա ներգրավված Արփի Բալյանը, ով Աշոտ Սուքիասյանի ընկերություններից մեկում հաշվապահ է աշխատել, հայտարարել է, որ կիպրոսյան փաստաթղթերի մեջ տեսել է Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի անձնագրերի պատճենները։

Աշոտ Սուքիասյանի խոսքով, Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Կճոյանի անունները՝ առանց նրանց գիտության, ինքն է ներառել ընկերության համասեփականատերերի ցանկում: Նախկին վարչապետն ու արքեպիսկոպոսը հերքում են իրենց առնչությունն այս ամենին: Այսօր «Ազատության» հետ զրույցում Յուրիկ Խաչատրյանը նշեց՝ քննությունը «կիսատ-պռատ է անցկացվել» և որևէ փաստ չի ներկայացվել, որը կապացուցեր Աշոտ Սուքիասյանի մեղավորությունը: Փաստաբանը եզրափակեց՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են, քանի որ «դատաքննությունն ընթացել է Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք խախտումներով»: