Կինոռեժիսոր Վրեժ Պետրոսյան․ Այսպես այլևս շարունակել չի կարելի

Կինոռեժիսոր, կինոօպերատոր Վրեժ Պետրոսյան

Հոկտեմբերի 7-ին կայանալիք Կինոգործիչների միության արտահերթ համագումարին ընդառաջ միության անդամները շարունակում են ոչ միայն քննարկել առաջիկա անելիքները, այլև բարձրաձայնում են տարեցտարի կուտակված և այդպես էլ լուծում չգտած հայ կինոյի հիմնախնդիրները:

Այսօր լրագրողներին զրույցի էին հրավիրել անիմացիոն ռեժիսոր Նաիրա Մուրադյանը, կինոռեժիսոր և կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը:

Նաիրա Մուրադյանը ափսոսանքով նշեց, որ այս տարիների ընթացքում իր և իր գործընկերների նկարահանած ֆիլմերը այդպես էլ հանդիսատեսին չեն հասնում․ - «2000 թվականից ամեն տարի համարյա մուլտֆիլմ եմ անում, ո՞ր մեկն եք տեսել: Նույնիսկ հեռուստատեսությամբ չի գնում: Պրոբլեմները էն են, որ եթե ֆիլմդ արտադրվում է, ինքը չի երևում: Ոչ մի արձագանք, եթե դու չդնես «Ֆեյսբուքում», չունի: Այսինքն, պետական գումարով ստեղծված ֆիլմը չունի պետական շարունակություն իրեն ներկայացնելու»:

Կինոռեժիսոր, կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանի համոզմամբ՝ արմատական վերափոխումներ են անհաժեշտ կինոյի ոլորտի զարգացման համար․ - «Որովհետև այսպես այլևս շարունակել չի կարելի: Մեզ մոտ կարծես թե տարիների ընթացքում և՛ քննարկումներ են եղել, և՛ ինչ-որ միջոցառումներ են եղել, բայց էդ ամենի մեջ կինոշունչը, կինոմթնոլորտը ոնց որ դուրս մղվեց այդ [Կինոգործիչների միության] շենքից: Էլ չեմ ասում տարօրինակ որոշ կազմակերպությունների ներխուժումը և այլն, և այլն: Կարծում եմ, էս Կինոմիությունն էլ որպես մոդել, կրկնում է երկրի պաթալոգիկ վիճակը՝ ծառայողական մեքենաներ, շտատներ, քարտուղարուհիներ: Էս բոլորը պետք է վերացվի, և Կինոմիությունը դառնա կինեմատոգրաֆիստների պրոֆմիությունը, երբ ես կարող եմ դիմել Կինոմիությանը, որ խնդրում եմ էս հարցում ինձ սատար կանգնել, որովհետև ասենք Կինոկենտրոնը, օրինակ եմ բերում, չարաչար ոտնահարել է իմ իրավունքները՝ սկսած կինոարտադրությունից, վերջացրած վճարումներով, և այլն և այլն»:

Կինոգետ, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանն ասաց․ - «Ունենք մի կինոմիջավայր, որը ըստ էության ավերված է: Այս պահին ժամանակին առկա, գոյություն ունեցած կինոարտադրության ամբողջ պրոցեսից մենք հիմա միայն գաղափարներ ունենք և սակավ հնարավորություններ՝ այդ գաղափարները իրականացնելու: Այս քսանհինգ տարիների ընթացքում մենք մի շարք մասնագիտություններ ենք կա՛մ կորցրել, կա՛մ վերջին մարդիկ ունենք այդ մասնագիտություններով զբաղվող, որովհետև կինոպրոցեսը ոչնչացվել է՝ «Հայֆիլմ»-ի վաճառքով ու մինչև հիմա: Եվ իր մեծ դերը այդ ամեն ինչը փրկելու կամ վերականգնելու, վերստեղծելու մեջ ունենալու է, իհարկե, այդ պրոֆեսիոնալ գիլդիան՝ Կինեմատոգրաֆիստների միությունը»:

Բանախոսների համոզմամբ, ամենացավալին այն է, որ ոչ միայն կինոյի մթփնոլորտ չկա մեր երկրում, այլև կինոքննադատություն, որը շատ կնպաստեր հայ կինոյի զարգացմանը:

«Քննարկումը չի նշանակում բարեկամաընկերական ծափողջույններ, պրեմիերաներ և այլն: Նշանակում ա՝ կանչեն ասեն՝ եղբայր, դու իրավունք չունես ֆիլմ նկարելու, դու նկարել ես, խայտառակ բան ես նկարել: Եվ էդ եզրահանգումները հասնեն տեղ՝ և՛ Կառավարություն, և՛ Մշակույթի նախարարություն, և՛ Կինոկենտրոն», - ասաց Վրեժ Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Եթե մենք հիմնարար փոխում ենք ամբողջ կառուցվածքը, սկզբունքը, արդեն Գևորգ Գևորգյանը կլինի, թե Հարություն Խաչատրյանը կլինի, իրավունք չի ունենա, ասենք, վերցնել ու գնալ մի ճանապարհով, որ մենք ի սկզբանե մերժում ենք»:

Կինոգետներն այս օրերի աշխուժորեն քննարկում են նաև Կառավարություն ներկայացրած «Կինոյի մասին» օրենքի նախագիծը՝ հիմնականում շեշտադրելով, որ այն կարծես թե ավելի դրսի կինոգործիչների շահերն է պաշտպանում, քան իրենցը:

Կինոգործիչներն իհարկե քննարկումներ են ունեցել թե՛ Մշակությի նախարարությունում, թե՛ այլուր, բայց ոչ Կինոմիությունում, որտեղից հենց նախաձեռնությունը պիտի լիներ:

«Պատկերացրեք, եթե Կինեմատոգրաֆիստների միությունը իր բարձրության և իր պրոֆեսիոնալ ունակությունների լավագույն վիճակում լիներ, ինչպիսի մասնակցություն կունենար այդ օրենքի քննարկմանը: Առաջարկներով, դիտողություններով, միջավայրում քննարկելով և կոնկրետ խնդիրը բարձրացնելով չի զբաղվում Կինեմատոգրաֆիստների միությունը», - ասաց Դավիթ Մաթևոսյանի:

Իսկ Վրեժ Պետրոսյանն ասաց․ - «Ես վերջին հաշվով գտնում եմ, որ օրենքը չէ, որ պետք է անի, որ մարդիկ կարողանան տաղանդավոր ֆիլմեր նկարեն: Դա չի առաջին խնդիրը: Պետք է ունենալ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր ընթացք և այլն, և այլն»: