Ավարտվեցին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման առաջարկի քննարկումները

ԱԺ նիստում, արխիվ

Ազգային ժողովում այսօր ավարտվեցին Եվրասիական տնտեսական միությունից՝ Հայաստանի դուրս գալու նպատակահարմարությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկի քննարկումները:

Թեև խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս առաջարկը քննարկվել և բացասական եզրակացության էր արժանացել դեռ անցած շաբաթ օրը, սակայն առաջարկի հեղինակ՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ նոր կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը համարել է արտահերթ և այն ներկայացրել է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

«Նախագծի նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, շարունակելով․ «Մենք կարծում ենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է ու «իքս» պահից դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն անվերահսկելի չի դարձել:

Կարծում ենք, որ շատ կարևոր է աշխարհաքաղաքական հակակշռումներ ունենալ և այդ առումով շատ կարևորում ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտպանելու հակակշիռ»:

Հանրապետական խմբակցությունից Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ հարցն արհեստական է: «Հայաստանի Հանրապետության հասարակության մեծամասնության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ: Սա այն եզակի խնդիրներից մեկն է, որտեղ թե՛ իշխանոթյունը, թե՛ ընդդիմության մեծամասնությունը գտնում են, որ սա ճիշտ որոշում է: Երկրորդ՝ երբ խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, մենք առաջինը պետք է քննարկենք ոչ թե այն, թե ԵԱՏՄ-ն ինչ է տվել մեզ, այլ պետք է քննարկենք՝ դուրս գալու դեպքում ի՞նչ վնասներ կլինեն: Օգուտ կլինի՞, թե վնաս»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Արմեն Աշոտյանն էլ նկատեց․ «Տնտեսական վատ ցուցանիշներ եք մեջբերում: Հիմա ես պատգամավոր չեմ, հանրապետական չեմ, ՀՀ քաղաքացի եմ: Եթե ձեր բերած հայտարարության մեջ էդ բոլոր տնտեսական ցուցանիշները համապատասխանում են իրականությանը, դրանք վկայում են նախ և առաջ կառավարության վատ աշխատանքի մասին: Ինչու՞ չեք պահանջում կառավարության հրաժարականը և պահանջում եք ԵԱՏՄ-ից դուրս գալ»:

«Ելք»-ից Մանե Թանդիլյանը հակադարձեց․ «Դուք Հայաստանի վատ ցուցանիշները վերագրեցիք կառավարության վատ աշխատանքին, բազմաթիվ փորձագետներ վատ ցուցանիշները վերագրում են հենց ԵԱՏՄ-ին միանալուն: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հենց այդ նպատակն ուներ, բացահայտելու՝ դա կառավարության վատ աշխատա՞նքն է, թե կան օբյեկտիվ պատճառներ»:

Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի փոխարեն քննարկել հարցը, թե ինչու այդ միության հնարավորություններն արդյունավետ չեն օգտագործում: Մելքումյանի խոսքով՝ թվարկված խնդիրների մեծ մասը ոչ թե Եվրասիական տնտեսական միության հետ են կապված, այլ ներքին են:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ՝ այժմ ժամանակը չէ նման ռազմավարական շրջադարձին առնչվող հարց առաջադրելու համար: Չկա վերլուծություն, ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ի՞նչ սպառնալիքներ ու վտանգներ կան:

Ըստ Ռուստամյանի՝ նման նախագիծ քննարկելու համար վատ ժամանակ է ընտրված նաև այն առումով, որ Հայաստանն առաջիկայում պատրաստվում է Եվրամիության հետ նոր պայմանագիրը ստորագրել: «ԵՄ-ն ինքն իր քաղաքականությունը փոխե՞լ է այս ընթացքում, «կամ-կամ»-ից հրաժարվե՞լ է, «և-և»-ո՞վ է առաջնորդվում: Մենք հիմա արհեստական սրում ենք «կամ-կամ»-ի հարցը: Եվ զարմանում եք, թե ինչու իշխանությունները դրան չեն համաձայնում, ընդդիմությանն էլ չեք կարողացել համոզել»,- ասաց Ռուստամյանը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ իրենց առաջարկը ԵԱՏՄ-ի օգուտների և վնասների հարցը լուրջ քննարկման առարկա դարձնեն էր՝ ախտորոշման համար: «Եթե օրգանիզմը բողոքներ ունի, պետք է մի հատ յամերով անցկացնենք, որ տեսնենք էս ախտանշանները ինչի՞ց են»,- ասաց Փաշինյանը:

Վաղն Ազգային ժողովում քվեարկության կդրվի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկող հանձնաժողով ստեղծելու հարցը: Բացի «Ելք»-ից, մյուս բոլոր խմբակցությունները, այդ թվում ինչպես իշխող Հանրապետականն ու Դաշնակցությունը, այնպես էլ ընդդիմադիր «Ծառուկյան»-ը, հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծման առաջարկին: Այդ քվեարկությամբ, սակայն, ԵԱՏՄ-ի օգուտների և վնասների մասին քննարկումները չեն ավարտվի: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում այս հարցով նաև խորհրդարանական լսումներ կնախաձեռնեն: