Վերջին օրերին կտրուկ թանկացել է միսը և կարագը

Երևանի «Գումի» շուկայի մսի տաղավարներից մեկում, 3-ը հոկտեմբերի, 2017 թ․

ՏՄՊՊՀ-ից ընդամենը հակադարձում են՝ մսի շուկան իրենց դիտարկման տիրույթում չէ, իսկ կարագն էլ թանկացել է միջազգային գների տատանման պատճառով:

Վերջին 10 օրերին երևանյան խանութներում կարագը թանկացել է առնվազն 30 տոկոսով, միսը՝ 20-30 տոկոսով: Այս մասին է փաստում ինչպես պաշտոնական տվյալները, այնպես էլ խանութների վաճառասեղաններին փակցված գնապիտակերը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ օգոսոտոսին մայրաքաղաքում տավարի մսի 1 կիլոգրամի միջին գինը կազմել է մոտ 2100 դրամ, ոչխարի մսի գինը նույն շրջանում 2200 դրամ էր, խոզի մսինը՝ մոտ 2600 դրամ: Այսօր երևանյան մի քանի խանութներում մեր կատարած դիտարկումները բացահայտեցին, որ տավարի միսը թանկացել է 300-ից 400 դրամով, ոչխարի միսը՝ 500-600 դրամով, խոզի միսը՝ 800-ից 1000 դրամով:

«Գումի» շուկայում, որտեղ, ենթադրաբար, միսն ավելի էժան գնով կարելի է ձեռք բերել, քան մթերային խանութներում, վաճառողները բոողքում էին՝ 10 օր է գրեթե առևտուր չկա․ տեղեկանալով նոր գների մասին, հուսահատ գնորդները պարզապես հեռանում են: Դժգոհ մսավաճառներն, այդուհանդերձ, հրաժարվեցին իրենց վրդովմունքն արտահայտել տեսախցիկի առջև:

Կտրուկ բարձրացել է նաև կարագի գինը: Խանութներում 200 գրամանոց «Անքոր», «Վիոլա» տեսակի կարագների գներն այսօր տատանվում էին 980-ից 1000 դրամի սահմաններում: Մինչդեռ, վաճառողների պնդմամբ՝ ընդամենը 10 օր առաջ դրանք վաճառվում էին 750-ից 800 դրամով: 1 կգ կարագի գինն, ըստ էության, հասել է մոտ 4200 դրամի՝ նախկին 2800-ի փոխարեն: Կարագ վաճառողները ևս չցանկացան խոսել տեսախցիկի առջև՝ մտահոգություն հայտնելով, որ խանութի ղեկավարությանը դա կարող է դուր չգալ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնեցին, որ մսի շուկան իրենց դիտարկման տիրույթում չէ: Ինչ վերաբերում է կարագին, հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը պարզաբանեց՝ թանկացման պատճառը միջազգային շուկայում կարագի գնի տատանումներն են:

«Պաշտպանված և իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, մինչդեռ, պնդում է՝ թանկացման իրական պատճառները պետք է այլ տեղ փնտրել: Ըստ նրա՝ կարագը միայն դրսից չի ներմուծվում, տեղական արտադրողն էլ է այն թանկացրել: Եվ դա այն դեպքում, երբ կաթի մթերման գինը չի փոխվել: Պիպոյանը հավելում է՝ կառավարությունը ոչինչ չի արել գների աճը զսպելու համար: Հակառակը՝ դիմել է բավական խորամանակ քայլի: «Էական գնաճը նկատվեց այն բանից հետո, երբ կառավարությունը ներկայացրեց տնտեսական ցուցանիշներ, ԱՎԾ-ն դա ամփոփեց, որ ունենք տնտեսական աճ, չունենք գնաճ, և անմիջապես դրանից հետո եղավ կտրուկ գնաճ, նաև մի շարք այլ ապրանքների գծով»,- ասաց Պիպոյանը:

Գյուղատնտեսւթյան նախարարությունն, իր հերթին, մսի թանկացումը պայմանավորում է բնակլիմայական վատ պայմաններով: Փոխնախարար Աշոտ Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց՝ վատ եղանակի հետևանքով անասնակերն է թանկացել, տնտեսվարողն էլ ստիպված միսը թանկ է վաճառում՝ կեր գնելու համար: Մինչդեռ Պիպիոյանն այս հարցում էլ է մատնանշում գյուղատնտեսության նախարարության վատ աշխատանքը, ընգծելով՝ այսօր պետությունը մենակ է թողել ֆերմերին, դրա համար էլ չի կարող խաղի իր կանոնները թելադրել․ «Պետությունը երբեք չի աջակցել, որ մի օր էլ գնա ասի՝ գիտես, վաղվանից էս աջակցությունը կմոռանաս, եթե ինքնուրույն ես որոշում»:

Մեր դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում մեծ քանակի մսամթերքի արտահանման մասին, գյուղփոխնախարար Հարությունյանն ասաց՝ արտահանումը միայն խթանում է արտադրության զարգացումը: Դիտարկմանը, որ արդյունքում տուժում է սպառողը, փոխնախարարն արձագանքեց․ «Դա շուկայի երևույթներից մեկն է, տնտեսական աճի խթաններից մեկը, որ զարգացման է տանում»: