Երեկ Մոսկվայի Սիմյոնովսկի շրջանի դատարանը «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին մեղադրել է ապօրինի հավաքներ կազմակերպելու կոչեր հնչեցնելու մեջ։ Առաջիկա 20 օրը ընդդիմադիր գործիչը կանցկացնի ճաղերի հետևում։
20 օրով ձերբակալվել է նաև Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը։ Նա 20 օրով հացադուլ է հայտարարել։
Նիժնի Նովգորոդի իշխանությունները նախ արտոնել էին սեպտեմբերի 29-ին նախատեսված հավաքը, իսկ հետո չեղարկել էին իրենց իսկ որոշումը։
Նավալնին հայտարարել էր՝ քանի որ քաղաքային իշխանություններն իրավունք չունեին չեղարկելու հանրահավաքի թույլտվության մասին որոշումը, ապա ինքը համարում է, որ ցույցն օրինական է և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել նախօրոք հայտարարված վայրում։
Սեպտեմբերի 29-ին՝ առավոտյան, սակայն, Նավալնիին Մոսկվայում իր բնակարանի մուտքի մոտ ձերբակալել են և նա չի կարողացել մեկնել Նիժնի Նովգորոդ։ Քաղաքում այդուամենայնիվ հավաքվել են նրա հարյուրավոր կողմնակիցներ, մի քանիսին ոստիկանությունը ձերբակալել է։
Երեկվա դատավճիռը Նավալնին որակել է նվեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով։ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը հոկտեմբերի 7-ին է։ Նավալնին իր կողմնակիցներին կոչ է արել այդ օրը դուրս գալ հանրահավաքների։
Նավալնին, հիշեցնենք, հայտարարել է, որ մասնակցելու է 2018-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, չնայած նրան, որ դատապարտված է հինգ տարվա պայմանական ազատազրկման։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում պետք է կայանար նրա հերթական հանրահավաքը։