Սարգսյանը և Հանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ նախօրեին բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը:

ԵՄ հանձնակատարի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) գնահատմամբ՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը լավագույններից են Եվրոպայի սահմաններից դուրս:

Սարգսյանը և Հանը ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից առաջ քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, նախանշել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը, անդրադարձել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի աշխատանքներին:

Հանդիպմանը նախագահը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: