Փորձաքննությամբ բացասական եզրակացություն ստացած վերելակները շարունակվում են շահագործվել

Պաշտոնապես բացասական գնահատական ստացած մի շարք վերելակներ շարունակում են շահագործվել, մինչդեռ գործող կարգի համաձայն, դրանց աշխատանքը պետք է անմիջապես դադարեցվեր:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալներով, այս տարի միայն Երևանում 24 վերելակ բացասական եզրակացություն է ստացել, որոնց ուղիղ կեսը Կենտրոն համայնքում են: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Քաջազնունի 6-րդ շենքի 6 մուտքերին, նույն հասցեի երրորդ շենքի բոլոր մուտքերին, Վրացյան, Վարդանանց փողոցների մի քանի շենքերի վերելակներին:

Նշված հասցեներից մի քանիսում նկատեցինք, որ վերելակներից ոչ մեկի վրա չկար տեղեկանք այն մասին, որ դրանք ենթակա չեն շահագործման: Անտեղյակ բնակիչներն ու շենքի հյուրերն էլ վերուվար էին անում այդ վերելակներով:

ԱԻՆ-ի ներկայացրած 24 վտանգավոր վերելակների ցանկում հայտնվածներից 11-ը սպասարկում է «Երվանդ Քոչար» համատիրությունը, որի ղեկավար Վարուժան Խոջագորյանը հրաժարվեց տեսախցիկի առջև բացատրություն տալ: Պնդեց միայն, որ արդեն 50 տարի օգտագործվող և պաշտոնապես շահագործման համար ոչ պիտանի վերելակները մարդկանց կյանքի համար վտանագավոր չեն: Ինչ վերաբերում է բացասական եզրակացության մասին տեղեկանքի բացակայությանը` մեկնաբանեց, թե` բնակիչներն են պոկել: Ասաց՝ պատկերացում չունի, թե ինչու են հենց այդ վերելակները հայտնվել «սև ցուցակում»: Այդուհանդերձ հենց մեր ներկայությամբ ԱԻՆ-ին զանգահարեց՝ հայտնելու, որ բոլոր խնդիրները վերացրել են:

Բացասական եզրակացություն ստացած վերելակների մյուս մասը Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններում են:

Վատ վիճակում են նաև Լոռու մարզի վերելակները: ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝
ընդհանուր առմամբ Հայաստանում գրացված 6,899 վերելակներից վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 2,856-ը, իսկ 1,000-ն այս պահին են փորձաքննության ենթարկվում: Ուշագրավ է, որ մնացած մոտ 3,000 վերելակների ճակատագիրն անորոշ է մնում:

Հովհաննիսյանը պնդում է, որ նախարարությունը պատասխանատվություն չի կրում փորձաքննություն չանցած կամ բացասական եզրակացության արժանացած վերելակի համար՝ սլանքերն ուղղելով համատիրությունների վրա․ - «Մենք չենք գնում-հետևում: Մենք տալիս ենք եզրակացություն՝ դրական կամ բացասական»:

Մեր դիտարկմանը, որ բնակիչները շատ դեպքերում տեղյակ չեն, որ վերելակը վատ վիճակում է, Հովհաննիսյանն արձագանքեց, թե այս դեպքում էլ բնակիչն է մեղավոր՝ «փող է տալիս, թող հետևի»․ - «Համատիրությունը դուք եք ձևավորել, և դուք պետք է ձեր համատիրության ղեկավարության հետ էդ հարցերը լուծեք․․․ Երբ որ վերելակը ստանում է բացասական եզրակացություն, մենք հենց էդ պահին փակցնում ենք զգուշացնող ցուցանակ, որ տվյալ վերելակը պիտանի չէ շահագործման: Բայց հինգ րոպե հետո հետ ես գնում, այդ ցուցանակները չկան»:

Անցած ամիս Նոր Նորքի 9-րդ զարգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի վերելակում 13 տարեկան երեխա էր մնացել: Նրան այնտեղից հանել էին փրկարարները: Նկատեք, որ այս վերելակը բացասական եզրակացություն ստացածների ցանկում չէր:

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածուները խոստանում էին լուծել խորհրդային տարիներից ժառանգության մնացած վտանգավոր վերելակների հարցը: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդունելով, որ վերելակները վտանգավոր են, խոստանում էր ընտրվելու հենց հաջորդ օրը օրենդրական փոփոխությունների միջոցով ներդրող գտնել:

Այսօր, սակայն, քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ ընտրություններից մոտ 4 ամիս անց նախագիծ մշակելուց այն կողմ քայլեր չեն ձեռնարկվել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը միայն հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ օրենսդրական փոփոխությունը ԱԺ կմտնի:

«Մահվան վերելակներից ելք կա». դեռ 4 ամիս առաջ Երևանի տանիքներից հայտարարում էին Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասյօր էլ պնդեց, որ խնդիրն իրենց օրակարգում է․ - «Ցավալին այն է, որ հրատապ խնդրի լուծումը մնում է մյուս տարիների վրա: Սակայն ակնհայտ է, որ այն անարդյունավետ կառավարումը, որ եղել է տարիներ շարունակ վերելակների մասով, բերել է ամբողջությամբ վերելակների մաշվածության: Եվ ամբողջությամբ փոխարինումը ֆինանսներ է պահանջում, որը հնարավոր է արդեն լուծել 18-19 թվականների բյուջեներով»:

Չնայած պաշտոնյաների խոստումներին՝ Երևանի բնակիչները վստահ չեն, որ մինչև ավագանու մյուս ընտրությունները հնարավոր կլինի պատկերացնել մայրաքաղաքն առանց հին ու վտանգավոր վերելակների:

«Գործ անող չկա, ասողներ են սաղ», - ասաց մի երևանցի: