Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ:

Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Մենք աղոթում ենք ԱՄՆ ժողովրդի հետ միասին զոհվածների հոգիների խաղաղության և տուժածների լիարժեք ապաքինման համար»,- նախագահի կայքէջի հաղորդմամբ՝ ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Լաս Վեգասի կազինոներից մեկի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել են: