Ուֆուք Ուրաս․ «Լրջորեն խախտվել է մեր ազատության իրավունքը»

Ուֆուք Ուրաս, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Ադրբեջանական իշխանությունների նման արձագանքը չափազանցված է, «Ազատության» հետ զրույցում ընդգծում է թուրք մտավորականը:

Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականները հույս ունեն, որ Ադրբեջանի իշխանությունները այնուամենայնիվ կվերանայեն իրենց կալանավորման որոշումը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը՝ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը:

Վերջինս թուրք հասարակական-քաղաքական գործիչներ, գրողներ, լրագրողներ Էրոլ Քաթըրջըօղլուի, Սայիդ Չեթինօղլուի և Ալի Բայրամօղլուի հետ միասին սեպտեմբերի 22-24-ը այցելել էր Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո, հիշեցնենք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նրանց դեմ «երկրի պետական սահմանը խախտելու» մեղադրանքով, Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ նրանց ներառել է տխրահռչակ «սև ցուցակում»:

Ուֆուք Ուրասի խոսքով՝ իրենց այցը խաղաղ բնույթ ուներ, և ադրբեջանական իշխանությունների նման արձագանքը չափազանցված է:

«Տեղյակ էի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց ընդգրկում է «սև ցուցակում», սակայն մեզ կալանավորելու որոշումը չափազանց է, քանզի մենք որպես Թուրքիայի քաղաքացիներ ինչո՞ւ պետք է ենթարկվենք իրենց օրենքներին: Բացի այդ, երբ Ղարաբաղ էինք գնացել, այնտեղ զբոսաշրջիկների խմբեր տեսանք, տարբեր երկրներից մարդիկ գալիս-գնում են Ղարաբաղ: Կարծում եմ՝ այսպիսի արձագանք եղավ, քանի որ մենք Թուրքիայից էինք եկել: Հուսով եմ, որ այս որոշումը կվերանայվի», - ասաց Ուրասը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չունե՞ն, որ Թուրքիայի իրավապահ մարմինները կարող են իրենց ձերբակալել և արտահանձնել ադրբեջանական իշխանություններին, Ուֆուք Ուրասը նշեց. - «Մենք խորհրդակցել ենք իրավաբանների հետ, և նրանց կարծիքով՝ արտահանձնման խնդիր չի կարող լինել, քանի որ Թուրքիայի քաղաքացի ենք, սակայն հնարավոր է այստեղ ինչ-որ դատական խնդիր առաջանա: Այս պահին միայն Ադրբեջան չենք կարող գնալ, ինչպես նաև արտասահման գնալու հետ կապված խնդիր կա, քանի որ միջազգային հետախուզման միջոցով կարող են մեզ ձերբակալել և արտահանձնման որոշում կայացնել: Այդ պատճառով մեր իրավաբան ընկերները խորհուրդ են տալիս այս ընթացքում երկրից դուրս չգալ»:

«Այս հանգամանքը ցույց է տալիս, որ լրջորեն խախտվել է մեր ազատության իրավունքը», - շեշտեց թուրք մտավորականը: