Պետական կամերային երգչախումբն ու հինգ մենակատարներ՝ Հենրիետա Հարությունովան, Աննա Ավդալյանը, Քրիստինե Սահակյանը, Յանա Դարյանն ու Արթուր Ավանեսովը կներկայացնեն մաեստրոյի ստեղծագործությունները, որ ծնունդ են առել Իսահակյանի և Չարենցի պոեզիայից:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը համերգների կազմակերպիչ, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը շեշտեց, որ համերգների վայրը պատահական չի ընտրվել՝ մաեստրոյի ցանկությունն է եղել:
Տիգրան Մանսուրյանն ասաց․ - «Ինձ համար կարևորեցի այս երկու հայ մեծագույն դասականներին՝ Իսահակյանին և Չարենցին: Կարսում, պատմում է Չարենցը, մի օր տեսել է փողոցով անցնող Իսահակյանին, առաջին անգամ ըստ երևույթին մեծ բանաստեղծ է տեսել, և գնացել է հետևից: Ըստ երևույթին չար տղա է եղել, հետամուտ է եղել: Իսահակյանը կանգնել, բարկացած հետ է նայել, տեսել է, որ իրեն հետևողը մի չար տղա է, բարկացել է և մի հատ ապտակել է Չարենցին: Իհարկե, Իսահակյանը այս պատմությունը չէր հիշում: Հետագայում երբ հանդիպել են Վենետիկում, Չարենցը պատմել է իրեն Կարսի այս դեպքը: Իսահակյանը ասել է՝ դե ուրեմն ես քեզ ուստա սիլլասին են տվել՝ վարպետի ապտակն եմ տվել քեզ, և այդ օրը դու մկրտվել ես»:
Ասուլիսի ներկա Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նկատեց․ - «Խորապես համոզված եմ, սիրելի մաեստրո, որ Ձեր մշակութային հզոր ճառագայթները նախ մեր ազգային ինքնության գիտակցությունն են արթնացնելու երիտասարդների մեջ, և երկրորդը, բացահայտելու են այն ստեղծարար, ստեղծագործ միտքը, որը թերևս թաքնված է շատ երիտասարդների մեջ»:
Համերգների պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը հավաստիացնում է, որ Մանսուրյանի բարձրարվեստ ու բարձրաճաշակ երաժշտությունն այդ համերգների ընթացքում ամենաբարձր մակարդակով է ներկայացվելու մարզային ունկնդրին․ - «Ե՛վ գերհզոր լուսային-ձայնային տեխնիկա: Ցավոք սրտի, դա միայն լինում է էստրադային համերգներին, և մենք այս անգամ փորձում ենք այդ կարծրատիպերը կոտրել և Տիգրան Մանսուրյանի համերգները և՛ Արթիկում, և՛ Վանաձորում և՛ կուղեկցվեն լավ լուսային և ձայնային տեխնիկայով, և՛ LED էկրաններով, և՛ անիմացիաներով»:
Հետագայում այս համերգները կշարունակվեն Էջմիածնում և Արցախում:
Տիգրան Մանսուրյանն այն բացառիկ մտավորականներից է, որի հետ ցանկացած հանդիպում ցանկացած զրույց, ճեպազրույց կամ պարզապես շփում ապշեցնում է ասելիքի խորաթափանցությամբ և իմաստնությամբ: Այսօր էլ նա իր գեղագետի բացառիկ հմայքով խոսում էր իր համար հայոց լեզվի բացառիկ դերի մասին․ - «Ինձ համար հայոց լեզուն իմ հոգու հայրենիքն է»:
Մաեստրոն շատ մեծ սիրով էր պատմում նաև Արթիկում անցկացրած իր պատանեկան սքանչելի տարիների և նրանցից մնացած չափազանց վառ հիշողությունների մասին: Նա առանց լարվելու պատասխանում է նաև լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Հարցին, օրինակ, թե ինչ կարծիք ունի Հայաստանում ռուսերենը պետական լեզու դարձնելու տեսլականի մասին, Մանսուրյանը պատասխանեց․ - «Դա ոչինչ չի նշանակում: Դա չի նշանակում լեզուն հանձնել: Դա նշանակում է ավելի ջանք դնել սեփական լեզուն պահպանելու՝ եթե դրա անհրաժեշտությունը կա: Եթե չկա՝ ինքնըստինքյան լեզուն զորավոր է, ինքն իրեն պահել գիտի: Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ՝ որ մենք տեր կանգնենք: Իսկ ես գիտեմ, որ մեր ծնողներից, հայ մայրերից շատ-շատերը փախչում են հայերենից: Այդ հարցը լուծելն է խնդիրը: Ոչ թե ռուսերեն լեզվի, կամ անգլերեն լեզվի, կամ չինարեն լեզվի դեմը փակելը»:
Թումանյանի թանգարանում բացված, ապա փակված բոլշևիկյան բռնաճնշումները ներակայացնող «Խավարում» ցուցահանդեսի առնչությամբ մաեստրոն ասաց․ - «Սա պիտի լիներ առաջին օրերին: Անկախություն ենք ձեռք բերել, բա չասե՞նք Թումանյան, քո Չարենցը, որ քո շարունակությունն էր, քառասուն տարեկանում բանտում զոհվեց, քո Սևակը անհասկանալի է, թե ինչու այդպես 46 տարեկանում գնաց․․․ Բա չասե՞նք, մաքրվենք էս ցավից: Դա չեղավ, մենք թաքցրինք, աշխատում ենք թաքցնել: Շուտ պետք է արվեր դա, շատ վաղուց պետք է արվեր դա, և այսօր այդ խնդիրը չէր լինի: Այսօր, երբ մենք ունենք Արցախի հարց, երբ ունենք ահավոր լարված ժամանակաշրջան՝ շատ լուրջ հոգսերով՝ տնտեսական, էմիգրացիոն, պատերազմական․․․․ սա պետք է մաքրված լիներ»:
Հարցին, թե ինչ է մտածում պարբերաբար շնորհվող պետական մրցանակների և կոչումների մասին, մաեստրոն արձագանքեց․ - «Եթե կարելի է մեկին փաղաքշել, քաջալերել, թող դա էլ լինի»: