Խաչիկյանն իրեն մեղավոր է ճանաչում, բայց միայն «Աստծո առաջ»

Վազգեն Խաչիկյան, Լոռու մարզ, 29-ը սեպտեմբերի, 2017 թ․

«Ազատությունը» զրուցել է Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ, նախօրեին բանտից ազատված Վազգեն Խաչիկյանի հետ:

«Շատ բաների համար եմ զղջում, դա Աստված գիտի, մեկ էլ ես գիտեմ»,- այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը: Վերջինս, հիշեցնենք, 2014 թվականին պետբյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել, և նախկին պաշտոնյան նախօրեին ազատ է արձակվել։

«Զղջումը դա շատ ներքին զգացում է, որը չէի ուզենա բարձրաձայնել, հրապարակավ արտահայտվել: Շատ բան կա, որի համար զղջում եմ»,- հավելեց Խաչիկյանը: Ի վերջո, կատարվածի մեջ ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք, այս հարցին, նախկին պաշտոնյան պատասխանեց․ «Կա դատավարություն, քրեադատավարական օրենսգրքով, և կա Աստծո դատաստան: Իմ արարքների համար ես մեղավոր եմ Աստծո առաջ: Այն, ինչ-որ դատարանում էր քննարկվում, դատավարական պրոցես էր, որին չեմ ուզում անդրադառնալ: Դա իմ կյանքի մի փակված էջն է, որը չէի ուզենա կրկին անգամ բացել»:

«Ազատության» ճշտող հարցին՝ ի վերջո, դուք յուրացրե՞լ եք 300 միլիոն դրամը, Վազգեն Խաչիկյանը պատասխանեց․ «Ես նախորդ հարցին արդեն պատասխանեցի, այլ հարցերի չեմ պատասխանի, կուզեք՝ անգլերեն պատասխանեմ՝ no comment»: Հարցին՝ կցանկանա՞ք դարձյալ որևէ պաշտոն զբաղեցնել, Խաչիկյանը պատասխանեց՝ «Այո, Հայաստանի Հարապետության շարքային քաղաքացու պաշտոնը, որը հիմա զբաղեցնում եմ: Դրանից ավելի վեհ պաշտոն չկա: Չեմ ուզում հայրենիքս փոխել, մնացածի նման չեմ, որ մի փոքր քամի էլ լինում, իրենց ապագան փնտրում են գլենդելներում, փարիզներում ու մոսկվաներում»:

Խաչիկյանն ասաց նաև, թե օգտվել է իր իրավունքից և դիմել է հանրապետության նախագահին՝ ներում ստանալու համար։ Նա հրաժարվեց մանրամասնել, թե ինչ է նշել իրեն ներում շնորհելու մասին Սերժ Սարգսյանին ուղղված դիմումում և հատկապես ինչի հիման վրա է խոշոր յուրացումների համար դատապարտված նախկին պաշտոնյան ներում ստացել։

Միայն շեշտեց՝ իր նկատմամբ ծանր հանցագործության մասին դատավճիռը կայացրել է «իշխանությունից ու Հանրապետական կուսակցությունից անկախ դատարանը»։ «Ինձ դատապարտել է Հայաստանի անկախ հանրապետության անկախ դատարանը, որը որևէ կախվածության մեջ չէ որևէ կուսակցությունից, որևէ գործադիր մարմնից կամ անձից: Համոզված եմ: Եթե դա կախված լիներ գործադիր իշխանությունից կամ ինչ-որ կուսակցությունից կամ անհատից, վստահ եղեք, որ ես չի դատապարտվի»,- ասաց Խաչիկյանը:

Դատապարտվելուց հետո կասեցվել էր Վազգեն Խաչիկյանի անդամակցությունը ՀՀԿ-ին: Նա չհստակեցրեց՝ կդիմի՞ կուսակցությանը՝ անդամակցությունը վերականգնելու հարցով․ «Անկախ նրանից՝ ես Հանրապետական կուսակցության անդամատոմս կրում եմ, թե ոչ, որևէ տարածքային կազմակերպության անդամ եմ թե ոչ, միչև կյանքիս վերջին պահը ես ՀՀԿ անդամ եմ, որովհետև, ի տարբերություն հայաստանյան շատ կուսակցությունների, Հանրապետականը դա գաղափարախոսություն է, դա իմ անցած ճանապարհի զգալի մասն է, դա իմ ընկերներն են»:

Վազգեն Խաչիկյանն այսօր իր հայրենի Ախթալա քաղաքում մասնակցում էր խաղահրապարակի բացման արարողությանը։ Նրա եղբայրը, ով Ախթալայի քաղաքապետն է, նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ընտրություններում կրկին Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրի իր թեկնածությունը։ ՏԻՄ ընտրություններում մշտապես ակտիվ դերակատարություն ունեցած Վազգեն Խաչիկյանը, փաստորեն, ազատ է արձակվել հենց ընտրությունների նախաշեմին։ Երկու օրից կսկսվեն թեկնածուների առաջադրումները։