Վկան ասաց, թե ամբաստանյալներից մի քանիսի՝ այդ թվում զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ իր ծանոթությունը «պատմամշակությանին նախաբան է ունեցել»:
Քիշմիրյանը պատմեց, թե հեռուստանախագիծ է ունեցել․ նկարահանումներ պետք է իրականացներ Արևմտյան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Իրանում: Ֆիլմը ֆինանսավորելու նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է գործով մեղադրալ Արա Պողոսյանի հետ, վերջինիս միջոցով՝ Արթուր Վարդանյանի հետ:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Հայաստանում բռնությամբ իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցած այս խումբը, որի ղեկավար է համարվում Արթուր Վարդանյանը, ծրագրել էր պայթեցնել նախագահի ինքնաթիռն ու գրավել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Նախագահի նստավայրի ու Հանրային հեռուստաընկերության շենքերը: Վկան ասաց, որ ոչինչ չի իմացել զինված խումբ ստեղծելու մասին, իսկ իշխանափոխության մասին կարծիք «օրը 500 անգամ լսում է» և լուրջ չի վերաբերվել Վարդանյանի այս խոսքերին:
Քիշմիրյանը պատմեց, որ ֆիլմի ստեղծման թեմայից Վարդանյանը հաճախ էր շեղվում և անցնում քաղաքական թեմաների: Դատախազ Գևորգ Սարգսյանի ճշտող հարցերին վկան պատասխանում էր, թե Վարդանյանը խոսել է Սփյուռքի ուժերի ճնշման տակ իշխանափոխության մասին, դժգոհել է արտերկրում Հայաստանի դեսպանատների կոռումպացված լինելուց, ասել է, թե 37 երկրների հետ հակաահաբեկչական կոալիցիա է կազմելու, կարծիք է հայտնել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվե անելու փոխարեն անհրաժեշտ է Արցախը Հայաստանին միացնելու հանրաքվե կազմակերպել:
«Ինքը ասել ա, որ և՛ սփյուռքն ա ոտքի կանգնել, և՛ Հայաստանում իրենք ունեն լուրջ հենարաններ, որ Պաշտպանության նախարարությունը իրենց հետ ա, որ ամբողջ Արցախը իրենց հետ ա, և դա ստիպված իշխանությունները անելու են, որովհետև այլ տարբերակ չի լինելու», - ասաց վկան։
Վարդանյանի հետ նախավերջին հանդիպման ժամանակ վկան արդեն լուրջ կասկածներ է ունեցել, թե նա կտա հեռուստանախագծի համար խոստացված 20 հազար եվրոն՝ ասելով․ - «Ֆիլմի մասին քիչ էր խոսում, հիմնականում քննադատում էր իշխանություններին»:
Վկաների հարցաքննությունն այս փուլում ավարտվեց: Հաջորդիվ ապացույցների հետազոտման փուլն է: