Թվիթերը Ռուսաստանի հետ կապված 200 կեղծ օգտատերի էջ է սառեցրել

Թվիթերը հայտնում է որ Ռուսաստանի հետ կապ ունեցող 200 կեղծ օգտատերի էջ է հայտնաբերել և սառեցրել, որոնք անցած տարվա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ կեղծ լուրեր են տարածել:

Թվիթերի ղեկավարները ուսումնասիրությունների արդյունքները սեպտեմբերի 28-ին ներկայացրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովին:

Լսումների ժամանակ Թվիթերի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ Russia Today հեռուստաընկերությունը 2016 թվականին 274 հազար դոլար է վճարել Թվիթերում 1800 հաղորդագրություն տեղադրելու համար:

Թվիթերը ուսումնասիրությունը կատարել է, երբ կասկածներ առաջացան, որ Ռուսաստանը փորձել է ամերիկյան ընտրությունների վրա ներազդել նաև սոցցանցերի միջոցով: