Սենատը հաստատեց Ջոն Հանթսմանի նշանակումը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ - Ջոն Հանթսմանը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների Սենատը երեկ միաձայն հավանություն է տվել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հանթսմանի նշանակմանը:

Ջոն Թեֆթը, ով 2014 թվականից ղեկավարում էր ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանում, հինգշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվայից:

Յուտայի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը դիվանագիտական մեծ փորձ ունի, Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք եղել է Սինգապուրում, իսկ Բարաք Օբամայի օրոք՝ Չինաստանում ԱՄՆ դեսպանը: 2012-ին հանրապետական Հանթսմանը նախագահական ընտրապայքարի մեջ էր մտել, սակայն ներկուսակցական պայքարում զիջել էր Միթ Ռոմնիին:

Հիշեցնենք, անցած շաբաթ Սենատում լսումների ժամանակ Հանթսմանը հայտարարել էր, թե կասկած չկա, որ Ռուսաստանը միջամտել է Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին: