Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում կարևորել է «Ղարաբաղի ազատագրումը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլի, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում հայտարարել է, թե «շատ կարևոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը», և «այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»:

«Ադրբեջանի ուժը՝ Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանի ուժն է, Թուրքիան և Ադրբեջանը դժվարին պահերին օտար երկրներից զենք գնելու հարցում բարդություններ են ունեցել, դրա համար մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ուժերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ջանըքլին: Նրա փոխանցմամբ, այդ համագործակցությունը խիստ կարևոր է:

«Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման է», - ասել է թուրք նախարարը:

Նա ժամանել է Բաքու՝ մասնակցելու TurAz Qartalı-2017 թուրք-ադրբեջանական զորավարժությունների փակման արարողությանը:

Այսօր Ջանըքլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Թուրքիայի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի շիրիմին: