Աֆղանստանից ստացված հաղորդագրության համաձայն, Քանդահարի շրջանի Մաարուֆ ավանում մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել պետական գրասենյակի և դրա հարևանությամբ գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտ:
Ահաբեկչական գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ: Լուրը հաստատել է Քանդահարի ոստիկանության խոսնակ Զիա Դուրանին: Նրա փոխանցմամբ, մահապարտը նստած է եղել Humvee տեսակի ռազմական մեքենայում:
Ահաբեկչության համար պատասխանատվությունը «Թալիբան» շարժումն է ստաձնել:
Վերջին տարիների ընթացքում թալիբները կարողացել են աֆղանական բանակից առգրավել ոչ միայն հրթիռներ և ականներ, այլև ԱՄՆ-ի տրամադրած մեծ թվով Humvee մեքենաներ (high mobility multipurpose wheeled vehicle՝ բարձր շարժունակության բազմակողմանի կիրառման անվավոր մեքենա):
Թալիբները պնդում են, թե գրավել են Մաարուֆ ավանը, սակայն Դուրանին, ինչպես նաև Քանդահարի շրջանային խորհրդի անդամներ Հաջի Աղա Դաստրիգին և Հաջի Սայեդ Խակրեզվալը հայտարարել են, որ թալիբների գրոհը հետ է մղվել:
Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ այցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Քաբուլի միջազգային օդանավակայանը ենթարկվել է հրթիռակոծության, մարդիկ չեն տուժել:
Այդ հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել և՛ «Թալիբան»-ը, և՛ «Իսլամական պետությունը»: