Լեհաստանը Հայաստանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ՝ know-how, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Անվտանգության ու արևելյան քաղաքականության հարցերով Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին:
Մինչ դիվանագիտական ծառայության անցնելը, Չիխոցկին բարձր պաշտոններ է զբաղեցրել Լեհաստանի անվտանգության ծառայություններում՝ Լեհաստանի նախագահին կից գործող Ազգային անվտանգության բյուրոյի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, այնուհետև՝ Լեհաստանի Արտաքին հետախուզության գործակալության ղեկավարի խորհրդական:
«[Ռազմա-տեխնիկական ոլորտում] արդեն մի քանի տարի աշխատում է լեհ-հայկական ձեռնարկությունը և այն առաջարկում է ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, պատրաստ է նաև ձեզ փոխանցել նոր տեխնոլոգիաներ ու know-how և դրա հիման վրա այստեղ արտադրություն հիմնել՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով աշխատատեղեր: Մեր մրցակիցներից ոչ մեկը նման բան չի առաջարկում»,- ասաց Չիխոցկին:
Նրա խոսքով, Երևանում հանդիպումներ է ունենալու նախագահի աշխատակազմի, նաև պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել քաղաքական ու տնտեսական կապերը երկու երկրների միջև:
Ռազմաարդյունաբերության ոլորտում Հայաստանն ու Լեհաստանը համագործակցության մի քանի տարվա փորձ ունեն: 2014 թ․ հոկտեմբերին բացվեց «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված այդ ընկերությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ, բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ, ինչպես նաև թողարկում է սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր և այլն:
Էլ ավելի վաղ՝ 2013 թ․ դեկտեմբերին տեղեկություն տարածվեց, թե լեհական «Բումար լաբեդի» (Bumar Łabędy) ընկերությունը պետք է արդիականացնի Հայաստանի զինված ուժերի Т-72 տեսակի թվով 84 տանկեր՝ դրանք հասցնելով լեհական PT-72U կարգի տանկերի մակարդակին: Անգամ նշվում էր գործարքի արժեքը՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տեղեկությունը, սակայն, հետագայում պաշտոնապես չհաստատվեց:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 27,5 միլիոն դոլար, ինչը 0,3 տոկոսով պակաս է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայ-լեհական այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի առևտրի ծավալը կազմել է Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,8 տոկոսը:
«Կարծում եմ, որ [Հայաստանի ու Լեհաստանի միջև] ռազմական համագործակցությունը Երևանում այսօր ու վաղը կայանալիք մեր բանակցությունների թեմաներից մեկն է լինելու: Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր արտադրանքները, տեխնոլոգիաները: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Լեհաստանը պարտավորվել է ծախսել իր ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանության համար, և Լեհաստանում պաշտպանական ոլորտը վերելք է ապրում:
Մենք կարծում ենք, որ ռազմաարդյունաբերության զարգացումը չպետք է հիմված լինի արևմտյան կամ այլ տեխնոլոգիաների ներմուծման վրա և ցանկանում ենք այն զարգացնել մեզ մոտ: Պատրաստ ենք Հայաստանին առաջարկել տեխնոլոգիաներ, աշխատատեղեր և Հայաստանի հետ կիսել ռազմաարդյունաբերության այն մոդելը, որը ձեր տնտեսական զարգացման ու անվտանգության կարևոր սյունը կհանդիսանա: Անհամբեր սպասում եմ այդ բանակցություններին»,- այսօր նաև հայտարարեց լեհ պաշտոնյան:
«Ազատության» հարցին՝ ի՞նչ նոր առաջարկներ եք բերել ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության առումով, Բարտոշ Չիխոցկին պատասխանեց․ «Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը քաջատեղյակ է մեր առաջարկներին, և մենք սպասում ենք մեր բարձրացրած հարցերի պատասխանին»: