Միջազգային գիտաժողովում կներկայացվեն հայ-լեհական հնագիտական արշավախմբի 5-ամյա աշխատանքի արդյունքները

Մեծամոր հնավայրի մոտ 1970 թվականից գործող «Մեծամոր» թանգարանում «Մեծամորյան ընթերցումներ» խորագրի ներքո սկսվեց երկօրյա միջազգային գիտաժողով, որին մասնակցում են ամենատարբեր երկրներից ժամանած 30-ից ավելի հնագետներ:

Վերջին 5 տարիներին այնտեղ աշխատում է հայ-լեհական արշավախումբը, որի հայտնագործությունների և հնագիտական հետազոտությունների արդյունքները պիտի ներկայացվեն գիտաժողովի ընթացքում:

«Մեծամոր թանգարանը ոչ միայն թանգարան է՝ որպես ցուցադրական տարածք, այլ նաև լուրջ գիտահետազոտական կենտրոն է: Այստեղ աշխատում են տարբեր գիտնականներ, պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ մեր մասնագետների՝ հնագետների, երկրաբանների, հնամարդաբանների և այլն: Վերջին հինգ տարիների ընթացքում, մանավանդ այն սեզոնին, երբ այստեղ հայ-լեհական համատեղ արշավախումբն է աշխատում, որոշվեց տարվա ընթացքում կարդացած որոշ դասախոսություններ և այլ հոդվածներ հավաքել ու մեկ գրքի տեսքով հրատարակել: Իսկ գիտաժողովը առիթ լինի հանդիպելու, քննարկելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Մեծամոր» պատմամշակությաին արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը:

Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը հայ-լեհական արշավախմբի ղեկավարն է: «Ազատության» հետ զրույցում նա շեշտում էր, որ Հայաստանում, մասնավորապես Մեծամորում վերջին տարիներին իր աշխատանքի շնորհիվ շատ կապվել է թե՛ մեր երկրին, թե՛ մեր ժողովրդին և վճռել է անպայման շարունակել իր աշխատանքն այստեղ:

Ինչ վերաբերում է այսօրվա գիտաժողովին, ապա Յակուբյակը ասաց, որ վերջապես հնարավորություն ունեցան իրենց 5-ամյա գործունեության արդյունքները ներկայացնել ոչ միայն միջազգային գիտական հանրությանը, այլև այլ ոլորտների հայ գիտնականներին, որոնցով մենք շատ ենք տպավորված:

Նա հավելեց, որ այս գիտաժողովից անկնալում է ոչ միայն կարծիքների փոխանակություն, այլև լուրջ քննարկումներ և անգամ բանավեճեր:

Ինչ վերաբերում է հայ-լեհական արշավախմբի հնագիտական 5-ամյա գործունեության արդյունքներին, ապա Էշիշտոֆ Յակուբյակը շեշտեց, որ չափազանց ուշագրավ և կարևոր ձեռքբերումներ ունեն: Օրինակ, որ որպես բնակատեղի Մեծամորն առնվազն 5000 տարվա պատմություն ունի, բայց իրենք վստահ են, որ պատմական վաղեմություն ավելին է և հասնում է մինչև ուշ բրոնզե դար, և այս բնակատեղին հենց այդ ժամանակներից է գործել: Հետագայում էլ եղել է ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանի ակտիվ բնակատեղիներից մեկը, և այս ամենը փաստող բազմաթիվ ուշագրավ նյութեր դեռ պիտի վերհանվեն տարեցտարի:

«Ավարտելով ծրագրի այս հատվածը՝ մենք կփորձենք ավելին հետազոտել՝ հաստատելու այստեղ մարդկային գործունեությունը թե' միջին, թե' անգամ վաղ բրոնզե դարում: Այդ ամենի համար միայն ժամանակ ու փող է անհրաժեշտ», - ասաց Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը:

«Շատ արդյունավետ աշխատանք ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց գիտաժողովի կազմակերպիչներից Աշոտ Փիլիպոսյանը: - «Լեհերը մեր միջնորդն են Եվրոպա գնալու հարցում՝ գիտական առումով: Եվ դա միայն և միայն ողջունելի է: Լեհերը իրենց հետ բերում են նաև որոշակի սարքեր և կատարում են իրենց մոտ որոշակի անալիզներ, որոնք մեզ ուղղակի ֆինանսական առումով հասու չեն: Մեր հետ միասին էս ամբողջը հրատարակում են նաև Եվրոպայում․․․ Ե՛վ հնամարդաբանությունը, և՛ հնագիտությունը, և՛ ճարտարապետությունը, բարձր մակարդակով էս բոլորը մատուցվում է Եվրոպայում»:

Անդրադառնալով գիտաժողովին՝ Փիլիպոսյանն ասաց․ - «Մեծամորյան ընթերցումներ է կոչվում: Այսինքն, էն ամենը, ինչ որ արվել է Մեծամորում՝ ուսումնասիրություններ, մեկնաբանություններ, համադրումներ, վերականգնումներ աշխատանքի, ճարտարապետական վերականգնումներ, 3D վերականգնումներ նաև: Մենք ուզում ենք ամեն տարի սա անենք: Ես կուզեի, որ երկու տարին մեկ անենք, որպեսզի արդյունքները մի քիչ ավելի շատ լինեն»: