«Քուրդ ժողովուրդը պատմական նոր փուլ է մուտք գործում», - համոզված է իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին:
Երեքշաբթի երեկոյան քրդական հեռուստաալիքներով հեռարձակված ուղերձում Բարզանին հայտարարում էր․ - «Քուրդիստանի հզոր ժողովուրդը, քվեարկելով անկախության օգտին, թույլ չտվեց, որ կոտրեն իր կամքը, կանխեց նոր հարձակումներն ու կոտորածները: Մենք նոր փուլ ենք մուտք գործել, և դա հաղթանակ է ողջ Քուրդիստանի համար»:
Երկուշաբթի օրը կայացած անկախության հանրաքվեի ընթացքում տրված քվեների հաշվարկը շարունակվում է: Էրբիլում գործող Rudaw հեռուստաընկերության տվյալներով՝ 3 միլիոն 400 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո ձայները հետևյալ կերպ են բաշխվել` հանրաքվեի մասնակիցների 91 տոկոսը կողմ է արտահայտվել Իրաքից անջատմանը, և միայն 8 տոկոսը` դեմ:
Անդրադառնալով հարևան պետություններից` նախևառաջ Թուրքիայից հնչող սպառնալիքներին, Բարզանին երեկ նշում էր․ - «Պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն եկեք երկխոսություն սկսենք, լավ հարևաններ լինենք: Հարգանքով վերաբերվեք Քուրդիստանի ժողովրդի կամքին: Ի վերջո, ինչպե՞ս կարող է միլիոնավոր մարդկանց կարծիքը ոչ-լեգիտիմ լինել»:
Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայի նախագահը հանդես եկավ մի շարք հայտարություններով, որոնք արևմտյան մամուլը աննախադեպ կոշտ որակեց: Ռեջեփ Էրդողանը պնդում էր, որ Բարզանիի կառավարության կողմից անկախության հանրաքվեի անցկացումը դավաճանություն էր: Էրդողանը նույնիսկ չէր բացառում իրաքյան Քուրդիստանի տնտեսական շրջափակման հնարավորությունը:
«Ծորակը մեր ձեռքում է: Մենք այն կարող ենք փակել ցանկացած պահի, և Հյուսիսային Իրաքի նավթային եկամուտները պարզապես կցամաքեն: Երբ բեռնատարները դադարեն Հյուսիսային Իրաք ուղևորվել, երկրամասի բնակչությունը կարող է սովի մատնվել», - հայտարարում էր Էրդողանը:
Մասուդ Բարզանիի ուղերձից ևս պարզ դարձավ, որ Էրբիլում լավ են հասկանում` անկախության հռչակումից հետո Քուրդիստանը կարող է բավական ծանր կացության մեջ հայտնվել:
«Մենք կարող ենք զրկանքների բախվել, բայց ես վստահ եմ` մեզ պայծառ ապագա է սպասում: Միասնության շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները», - համոզմունք էր հայտնում իրաքյան Քուրդիստանի ղեկավարը:
Իրաքի կենտրոնական իշխանությունները, որոնք հակասահմանադրական էին որակել հանրաքվեի անցկացումը, արդեն իսկ դիմում են կոնկրետ քայլերի: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարում է, որ արդեն երկու օրից իրաքյան Քուրդիստանի օդային տարածքը կարող է արգելափակվել քաղաքացիական օդանավերի թռիչքների համար:
«Իրաքը չեղյալ կհայտարարի Քուրդիստանում գտնվող երկու օդանավակայաններից` «Էրբիլից» և «Սուլեյմանիայից» իրականացվող բոլոր միջազգային չվերթները, եթե մինչև ուրբաթ օրը դրանք կրկին չհայտնվեն դաշնային իշխանությունների իրավասության ներքո», - ասում էր Աբադին:
Բաղդադից և հարևան պետություններից եկող ճնշմանը դիմակայելուց բացի, իրաքցի քրդերը գործ ունեն նաև առաջատար գերտերությունների դժգոհության հետ: Անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը հայտարարում էր․ - «Միացյալ Նահանգները և կոալիցիան նախևառաջ մտահոգված են այն իրողությամբ, թե ինչ ժամանակահատվածում էր կազմակերպվել այդ հանրաքվեն: Մենք չենք ցանկանում, որպեսզի Իրաքը մասնատվի: Մեր առաջնահերթություններն են «Իսլամական պետության» դեմ հաղթական պայքարը, «Իսլամական պետության» ոչնչացման անհրաժեշտությունը: Միասնական և ժողովրդավարական Իրաքը վայելում է մեր աջակցությունը»:
Ուշագրավ է, որ չնայած միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ առկա տարաձայնություններին՝ քրդական հանրաքվեի հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի տեսակետները համընկնում են: Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս պնդում է, որ պաշտոնական Մոսկվայի առաջնահերթությունն է «Իրաքի և Մերձավոր Արևելքի մյուս պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
«Մոսկվայում հարգանքով են վերաբերվում քրդերի ազգային ձգտումներին: Մեր համոզմամբ, սակայն, այն բոլոր վիճելի հարցերը, որոնք առկա են Իրաքի դաշնային կառավարության և Քուրդիստանի ինքնավար շրջանի ղեկավարության միջև, կարող են և պետք է լուծվեն հարգալից և կառուցողական երկխոսության միջոցով: Դրա նպատակը պետք է լինի միասնական իրաքյան պետության շրջանակներում համակեցության փոխադարձ ընդունելի բանաձևի մշակումը», - այսօր հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը: