Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ հրթիռային ուժերի մասնակցությամբ զորավարժությունների ընթացքում:
Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, հրթիռն արձակվել է՝ փորձարկելու հրթիռային պաշտպանությունը շրջանցելու նոր տեխնոլոգիան:
Սիբիրում անցկացվող զորավարժություններում ներգրավված են շուրջ 4 հազար զինվորականներ և «Յարս» անվամբ հայտնի հրթիռային համալիրներ:
Փորձարկումները կատարվում են Երկրորդ աշխարհամարտից հետո Ռուսաստանի ամենամեծ «Զապադ 2017» զորավարժություններից մեկ շաբաթ անց, որն անցկացվեց նաև Բելառուսի զինվորականների մասնակցությամբ:
Արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում Ֆրանսիան և Գերմանիան, դատապարտել էին այդ զորավարժությունները, պնդելով, թե «Մոսկվան ձգտում է ռազմական ուժի հզորություն ցուցադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»: