Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ներկայացմամբ՝ 2016 թվականին մեկ անձից կատարված գնումների թիվը գրեթե կիսով չափ նվազել է 2015-ի համեմատությամբ, սակայն այս նվազումը ոչ թե մրցակցության աճով է պայմանավորված, այլ պարզապես կրթական ծառայությունների մատուցումը դուրս է եկել պետական գնումների ընթացակարգից․ - «Դրանով բավականին նվազեցվեց: Կարելի է էլի շարունակել այդ ձևով նվազեցնել: Դրա համար պետք է նայել իրական գործընթացներն ինչպիսին են»:
Իրականում պետական գնումներում նախկինի պես մեծ է մեկ անձից առանց պատշաճ հիմնավորման կատարվող գնումների թիվը, սակայն այս խնդիրը բնորոշ է ոչ միայն պետական գնումների ոլորտին․ - «Նույնիսկ եթե մենք ունենք մրցույթներ, մասնակիցների թիվը շատ սահմանափակ է: Կան երևույթներ, որոնք ես չէի կապի հենց գնումների համակարգի հետ: Նույն մոնոպոլիզացիան: Բնականաբար ածանցյալ է դառնում գնումների համակարգում մոնոպոլիզմը: Այսինքն, երբ որ շուկայի կենտրոնացածությունը մենք նայում էինք»:
ԹԻՀԿ-Ն պետական գնումների ոլորտը ուսումնասիրում է 2006 թվականից: Հոկտանյանը նշում է, որ վերջին տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ օրենքը փոփոխության է ենթարկվել, սակայն հիմնական խնդիրները այս փոփոխություններից հետո էլ պահպանվում են․ - «Ե՛վ կա այդ պայմանավորված մրցույթների հարցը, և՛ կա բարձրաստիճան պաշտոնյաների ընկերությունների [հարցը]․․․ Դրանք կան»:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որպես առաջընթաց նշում է նոր օրենսդրության պահանջը՝ պարտադիր հայտարարագրել պետական գնումներում փոխկապակցված մասնակիցներին․ - «Ենթադրենք, ինձ հետ փոխկապակցված անձը գալիս, մասնակցում է մրցույթին: Ես պետք է միանգամից դրոշակ բարձրացնեմ և հայտարարեմ: Դա պարտավորություն է արդեն օրենքով: Եթե չեմ կատարում, նշանակում է օրենք եմ խախտում»:
Հարցին, թե ով և ինչպես է դա ստուգելու, նախարարը պատասխանեց․ - «Հանրությունը: Ինչպես է հանրությունը և պատկան մարմինները ստուգում վարչական խախտումները և այլն: Մարմիններ կան, որոնք դրան պետք է հետևեն»:
«Ո՞վ է վերահսկելու, թե արդյոք հայտարարագրերը ճիշտ են ներկայացված․ այս հարցի պատասխանը հստակ չէ», - ասում է Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ հստակեցված չեն նաև պատասխանատվության մեխանիզմները․ - «Ամեն ինչ «ազնիվ խոսքի» վրա ա հիմնվում: Այսպես է ստացվում․․․․ Ո՞վ ա ստուգողը: Հենց էս ստուգման մեխանիզմները պետք ա հասկանալ: Հանրությունը, ասենք թե, գտավ, հետո՞: Ստուգեց հանրությունը, լրատվամիջոցներն ասացին, որ էսինչը էս կազմակերպությունում փայ ունի: Հետո՞: Հանրության վերահսկողությունը ի՞չ արդյունքի ա բերելու․․․ Նա էլ կասի՝ չէ, սուտ ա․․․ հետո՞»:
Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիայի նախագահ Արսեն Համբարձումյանը, ով որպես փորձագետ մասնակցել է ԹԻՀԿ-ի այս զեկույցի պատրաստմանը, ասում է, որ պետական գնումների ոլորտում վերջերս հաճախակի դարձած օրենսդրական փոփոխությունները հիմնականում կատարվում են դրսից՝ միջազգային այն կազմակերպություններից եկող պահանջով, որոնց անդամակցում է Հայաստանը: Սակայն որքանո՞վ են դրանք թղթի վրա գրված սկզբունքներից վերածվում իրականության, սա է հարցը․ - «Լուծումը այդ ինստիտուտի ներդրումն է: Այսինքն ինչ-որ մի մարմին պիտի լինի, որը որ վերահսկի: Քաղաքական բարձր կամք․․․ շատ կարճ՝ մի քանի օրում կարելի ա հարցերը լուծել՝ եթե լինի իշխանությունների ցանկությունը ինչ-որ մի բան փոխելու»:
Թե որքանով են հայաստանյան կազմակերպությունները վստահում պետական գնումների գործընթացի արդարությանը, ըստ Համբարձումյանի, ցույց է տալիս նաև վիճակագրությունը․ - «Հայաստանում 40 հազարից ավելի տնտեսվարող սուբյեկտ կա գրանցված: Պետական գնումների համակարգում գրանցված են շուրջ 4 հազար: Շատ ավելի քիչ թիվ ա կազմում ակտիվ մասնակցությունը մրցույթներում: Այսինքն՝ չկա վստահություն, չկա պետության կողմից ընդառաջ քայլելը դեպի գործարարը, ներգրավելու ուղղությամբ, մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ, ապացուցելու, որ այստեղ կոռուպցիան գրեթե չկա կամ նվազել է»: