ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմ. ԵՄ երկրների գործընկեր վիզա կենտրոնների պահվածքը անընդունելի է

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների, մասնավորապես հասարակական կազմակերպությունների անդամների նկատմամբ Հայաստանում գործող ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի (TLScontact) կողմից ցուցաբերվող անհարգալից և անպատասխանատու վերաբերմունքը:

Այսօր տարածած հայտարարությունում արձանագրելով, որ իտալական վիզաների դիմում-հայտերը և Միացյալ Թագավորության վիզաների դիմում-հայտերն ընդունող այդ կենտրոնում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները բախվել են հետադարձ կապի բացակայության, անկանոն հերթերի և տեխնիկական սխալների, որոնց համար սպասարկող աշխատակիցները որևէ պատասխանատվություն չեն կրում, պլատֆորմը շարունակում է․ - «Փաստորեն, Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում մեր գործընկերներից շատերը դարձել են ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի և Միացյալ Թագավորության վիզաների և իմիգրացիայի գործակալության (ՄԹՎԻ)՝ նշված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի զոհեր՝ գրեթե մեկ ամիս հետ չստանալով իրենց անձնագրերը։ Վիզաների համար դիմորդները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք այդ «տեխնիկական սխալների» պատճառով զրկվել են աշխատանքային կամ ուսումնական այցեր իրականացնելու հնարավորությունից՝ կրելով ֆինանսական, գործնական և բարոյական վնասներ»։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը այս իրավիճակը համարում է անթույլատրելի և կոչ է անում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ միջամտել իրավիճակին, հանդես գալ պաշտոնական դիրքորոշմամբ և ապահովել, որ ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնը և Միացյալ Թագավորության վիզաների և իմիգրացիայի գործակալությունը հրապարակային ներողություն խնդրեն տուժած քաղաքացիներից՝ վերջիններիս նկատմամբ ցուցաբերած անհարգալից և անպատասխանատու վերաբերմունքի համար, ինչպես նաև փոխհատուցեն քաղաքացիների կրած ֆինանսական վնասները։

Արձանագրելով, որ խնդիրը չի կրում եզակի բնույթ, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը շեշտում է․ - «ՀՀ քաղաքացիների նկատմամբ Եվրոպական միության անդամ երկրների կոմերցիոն գործընկերների՝ վիզա կենտրոնների և դրանց աշխատակիցների պահվածքը բացասաբար է անդրադառնում Հայաստանում ԵՄ համբավի վրա և հակասում է վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ոգուն և պրակտիկ իրականացման հետ կապված ակնկալիքներին»: