Ուկրաինայի նախագահը ստորագրել է լեզվի մասին վիճահարույց օրենքը

Ուկրաինա - Դպրոց Լվովում, արխիվ

Չնայած Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների կոշտ քննադատությանը՝ նախագահ Պետրո Պորոշենկոն ի վերջո ստորագրել է օրենքը, որով ուկրաիներենը հռչակվում է պարտադիր ուսուցման լեզու պետական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից:

Օրենքը չի արգելում մյուս լեզուների ուսուցումը, սովորողները կարող են հարազատ լեզուն ուսանել որպես առանձին առարկա: Սակայն այդ հանգամանքը չի մեղմել Ուկրաինայում բնակվող մեծաթիվ ռուսների, լեհերի, հունգարացիների մտահոգությունը:

Հատկապես Ռուսաստանը կոշտ քննադատել է օրենքը, որը, Կրեմլի գնահատմամբ, մշակվել է «բազմազգ երկրում բռնի կերպով միալեզու ռեժիմ հաստատելու նպատակով»:

Պորոշենկոն, մինչդեռ, պնդում է, որ օրենքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և կարող է օրինակ ծառայել հարևան երկրների համար:

Օրինագիծը Ուկրաինայում բուռն քննարկումների տեղիք էր տվել՝ հատկապես արևելյան շրջաններում, որտեղ բնակչության մեծ մասի մոտ ռուսերենը համարվում է առաջին լեզու: Ուկրաինական իշխանությունները լեզվի մասին նոր օրենքով չեղարկում են Ռուսաստանում ապաստանած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2012 թվականին ընդունված օրենքը, որը փոքրամասնություններին թույլ էր տալիս պահպանել իրենց մայրենի լեզուն այն շրջաններում, որտեղ նրանք կազմում են բնակչության ավելի քան 10 տոկոսը: