Տնտեսական աճը տարեվերջին, ամենայն հավանականությամբ, կգերազանցի բյուջեի հիմքում դրված 3,2 տոկոսը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, նշելով, որ ՀՆԱ-ի աճի՝ անցած տարի գրանցված փոքր արդյունքը (ընդամենը 0,2 տոկոս) հետևանք էր գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման, նաև այդ ոլորտում վիճակագրության ճշգրտման:
«Մասնագիտական տեղեկատվության ներդրումը ցույց է տալիս, որ մինչև տարեվերջ մենք բյուջի հիմքում դրված 3,2 տոկոսի տնտեսական աճից բարձր ենք լիենլու: Մեր կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ կունենանք 4,3 տոկոս իրական տնտեսական աճ:
Պետական պարտքը մինչև տարեվերջ ավելի կմեծանա՝ եթե 2016-ին այն կազմում էր համախառն ներքին արդյունքի 56,6 տոկոսը, ապա այս տարեվերջին այդ ցուիցանիշն արդեն կհասնի 58,8 տոկոսի: Միայն արտաքին պարտքը կկազմի 5,4 միլիարդ դոլար: Վարդան Արամյանը, մինչդեռ, դա մտահոգիչ չի համարում: «Մենք դրսից պարտք ենք վերցրել, ներդրումներ ենք արել: Նորմալ է, որ տնտեսությունում անկում չի գրանցվել, մինչդեռ տարածաշրջանում և ԵԱՏՄ երկրներում՝ բոլորի մոտ եղավ այդ անկումը, որովհետև Ռուսաստանի ազդեցությունը բավականին մեծ էր»,- ասաց նախարարը:
Ի՞նչ կերպ են պարտքով վերցված գումարներն ազդել տնտեսության վրա, ինչո՞ւ է վերջին մի քանի տարիների ընթացքում արտաքին պարտքը սրընթաց աճել, իսկ ՀՆԱ-ն գրեթե նույնն է մնացել, դոլարային արտահայտությամբ անգամ նվազել է: Եթե 2008 թ. սկսված տնտեսական ճգնաժամից առաջ երկրի ՀՆԱ-ն կազմում էր 11,9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը մոտ 2 միլիարդ դոլար էր, ապա 2016-ին պետպարտքն ավելի քան կրկնապատկվել է, իսկ ՀՆԱ-ի ծավալը շարունակել է մոտ լինել 11 միլիարդ դոլարին: Արդյո՞ք ֆինանսների նախարարը նորմալ է համարում, որ այդչափ ահռելի պարտքը որևէ կերպ չի ազդել Հայաստանի ՀՆԱ-ի վրա: Վարդան Արամյանի խոսքով՝ վերջին տարիները, 2014 թվականից ի վեր, ճգնաժամային էին, Հայաստանը պարտք է վերցրել՝ տնտեսական լուրջ անկում թույլ չտալու համար․ «Այդ միջոցները չեն բաժանվել մարդկանց, դրանք ուղղվել են ենթակառուցվածքներին»: Նախարարի խոսքով՝ նոր պարտքերը, սակայն, այսուհետ ավելի «զգուշությամբ են ներգրավվելու», մշակում են հատուկ չափանիշներ:
«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ վերջին տարիները փաստում են, որ նոր պարտքերի ներգրավումը տնտեսության որակական աճ չի ապահովել, այժմ էլ կարծես նման միտումներ չկան․ «Այսինքն՝ պարտքի կուտակումը չի բերել ՀՆԱ-ի աճի: Եթե հիմա նախարարը վստահ է, որ նոր պարտքի ներգրավումը բերելու է տնտեսական աճի, իրական աշխուժացման, ապա մտահոգվելու խնդիր կարող է և չլինել, բայց Հայաստանում աճ լինում է միայն այն ժամանակ, երբ ավելանում են Ռուսաստանից տրանսֆերտները: Դա որևէ ձևով կապ չունի ներքին զարգացումների հետ: Հայաստանի տնտեսությունը ոչ թե քանակական աճի, այլ որակական աճի խնդիր ունի»,- ասաց Գևերգյանը:
Նոր պարտքերի ներգրավումը, ըստ տնտեսական մեկնաբանի, արդեն անվտանգության հարցի է վերածվում․ պարտքի սպասարկումը նույնքան միջոցներ կարող է պահանջել, որքան ուղղվում է պաշտպանության ոլորտին: «Դա այն գումարն է, որը մենք դնում ենք մեր երեխաների ուսերին: Իսկ դա խիստ մտահոգիչ է»,- ասում է Հայկ Գևորգյանը: