Սամվել Բաբայանի գործով իրեղեն ապացույց «Իգլա»-ն այսօր դատարան էր բերվել

Մեղադրող դատախազն անձամբ էր բացում զենքի վրա փաթաթված պոլիէթիլենը, ապա նաև խողովակի երկու փականները՝ ցույց տալու, որ ներսում հրթիռ կա․ - «Մեզ հետաքրքրում է համարը էդ խողովակի վրա արտացոլված, և խողովակի մեջ որևէ իր կա՞, թե՞ չկա: Հրթիռային համակարգի համապատասխան հատվածը երևում ա, մնացածը փորձագետի եզրակացությամբ արձանագրված ա»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, սակայն, հայտարարեց, որ անգամ եթե խողովակում հրթիռ կա, այն առանց մարտկոցի, որպես զենք, անպիտան է․ - «Սա կոչվում ա բալվանկա: Սա իրանից ոչ մի վտանգ չի ներկայացնում»:

Այդուհանդերձ մեղադրող դատախազ Արամ Արամյանը պնդեց՝ դատարան բերված զինատեսակը հրթիռ է պարունակում․ - «Խնդրեմ, հարգելի դատարան, կարմիր ծայրով ինչ-որ առարկա կա մեջը»:

Սամվել Բաբայանը հակադարձեց․ - «Դա կարող ա լինի խողովակի մեջ, բայց դա չագուչով խփես, կամ կրակի վրա դնես, դա չի պայթի: Դա պայթուցիկ չի: Մինչև պայթուցիչ չլինի, դա զինամթերք չի․․․ Ասենք, փամփուշտի վրա պիստոն չկա, կարա՞ք կրակեք»:

Այսօր դատարանում ընթերցվեց նաև Պաշտպանության նախարարության փորձագետների եզրակացությունը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ստորագրությամբ: Այստեղ նույնպես նշվում է, որ զենթիթահրթիառային այս համալիրը թեև պիտանի է, բայց միայն սնուցող բլոկով հնարավոր կլինի կիրառել․ - «Զենիթահռթիռային համակարգի արձակման խողովակը՝ զենիթային հրթիռով, հանդիսանում է ռազմամթերք, հրթիռը՝ պիտանի մարտական կիրառման համար: Պատրաստվել է գործարանային պայմաններում ԽՍՀՄ-ում 1989 թվականին և նախատեսված է թռչող նշանակետերի խոցման և ոչնչացման համար»:

Մեղադրականում այդպես էլ չի հստակեցվում, թե ինչ նպատակով էր Սամվել Բաբայանը ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը:

Դատարանում հարցաքննված վկաներից որևէ մեկը Բաբայանի անունը չի տվել: Ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը 50 հազար դոլար է խոստացել այս գործով մեղադրյալ Սանասար Գաբրիելյանին՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար:

Գաբրիելյանը Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանի միջոցով գտել է զինատեսակը: Հենց Մայիլյանն է զենքն ինքնակամ հանձնել իրավապահներին: Հիմա նա ազատության մեջ է, դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը փորձեց ճշտել, թե ինչու հիմնական դերակատարը կալանքի տակ չէ․ - «Հանցագործներն իրանք են, հարգելի դատարան: Մեկը տրուբայի տերն ա, մյուսն էլ տեղափոխողն ա․․․»

Այսօր դատարան բերվեցին նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին առաջադրված մյուս մեղադրանքի մասով իրեղեն ապացույցները՝ ներկոտված եվրոներն ու քիմիական նյութերը, որոնցով Բուժական գյուղի բնակիչ Ժորա Զաքարյանը, ըստ մեղադրանքի, փորձել է մաքրել թղթադրամները, որպեսզի դրվեն շրջանառության մեջ: Նա, սակայն, հայտարարեց, թե դահլիճ բերված նյութերն առաջին անգամ է տեսնում:

Հաջորդ նիստին կուսումնասիրվեն Սամվել Բաբայանի հեռախոսային գաղտնալսումները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, երբ ակտիվ աջակցում էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին:

Նա պնդում է, թե գործը շինծու է, իրեն ազատազրկելու խնդիր է դրված եղել, միաժամանակ չի ասում՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով և արդյո՞ք սա քաղաքական հետապնդում է: