Էքզիթ փոլի տվյալներով, Մերկելի առաջնորդած դաշինքը հաղթեց Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում

Անգելա Մերկելը և աջակիցները էքզիթ փոլի առաջին տվյալները լսելիս, 24-ը սեպտեմբերի, 2017թ․

Բունդեսթագում մանդատներ կունենա նաև ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը:

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի առաջնորդած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ու Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը հաղթեց Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում: Ինչպես վկայում են էքզիթ փոլի տվյալները, դաշինքը ստացել է ընտրողների ձայների 32.5-ից 33.5 տոկոսը: Սա նշանակում է, որ Մերկելը չորրորդ անգամ կստանձնի կանցլերի պաշտոնը:

Մարտին Շուլցի առաջնորդած Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը ստացել է ձայների 20-21 տոկոսը: Սա ամենացածր ցուցանիշն է այս կուսակցության համար Երկրորդ Աշխարհամարտից հետո:

Սոցիալ-դեմոկրատների փոխնախագահը հայտարարել է, որ ընդդիմություն կկազմեն և կոալիցիայի մեջ չեն մտնի Մերկելի առաջնորդած դաշինքի հետ:

Նախնական տվյալների համաձայն, աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 13-13.5 տոկոսը, ինչը նշանակում է,որ ներգաղթյալներին դեմ հանդես եկող կուսակցությունը մանդատներ կունենա Բունդեսթագում:

Վերջին 60 տարիներին սա առաջին դեպքն է, երբ ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող կուսակցությունը ներկայացված կլինի գերմանական խորհրդարանում: Բոլոր քաղաքական ուժերն արդեն բացառել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ համագործակցությունը:

Արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունից է, նախազգուշացրել է․ - «Երկրորդ Աշխարհամարտի ավարտից հետո առաջին անգամ Գերմանիայի խորհրդարանում իսկական նացիստներ կլինեն»: