Սաակաշվիլին կտուգանվի Ուկրաինայի սահմանը ապօրինի հատելու համար

Լվովի շրջանի դատարանը Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել սահմանը ապօրինի խախտելու մեջ: Դատարանի որոշմամբ Սաակաշվիլին պետք է 3400 գրիվեն (շուրջ 130 ԱՄՆ դոլար) տուգանք մուծի:

Վրաց քաղաքական գործչի փաստաբան Մարկիյան Գալաբան ավելի վաղ հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները դատարանի որոշման հիման վրա կարող են Սաակաշվիլիին երկրից արտաքսելու մեխանիզմ մշակել` որպես քաղաքացիություն չունեցող անձի, որը վարչական իրավախախտում է թույլ տվել:

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին հարյուրավոր համակիրների օգնությամբ սեպտեմբերի 10-ի երեկոյան մուտք է գործել Ուկրաինա՝ հատելով Լեհաստանի հետ պետական սահմանը:

Սաակաշվիլին ապօրինի է համարում իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը և պնդում է, թե ամեն կերպ հասնելու է Կիև ու դատարանով է այն վերականգնելու:

Ավելի վաղ` 2015 թվականին, նախկին նախագահը զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, երբ Ուկրաինայի քաղաքացիություն էր ընդունել, որպեսզի կարողանա ստանձնել Օդեսայի նահանգապետի պաշտոնը իր այժմ արդեն նախկին դաշնակից Պորոշենկոյի հրավերով: