Նորքի զինված խմբի գործով դատավարությանը շարունակվում է վկաների հարցաքննությունը

Նորքի զինված խմբի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեցին երեք վկաներ: Նրանցից երկուսը՝ Հարություն Հովհաննիսյանն ու Ստեփան Չիլինգարյանն այս գործի անջատված մասով՝ զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին զենք վաճառելու մեղադրանքով արդեն կրել են իրենց պատիժն ու ազատ արձակվել: Երկուսն էլ հրաժարվեցին այսօր դատարանում ցուցմունք տալ, հետևաբար մեղադրող դատախազը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները:

Հարություն Հովհաննիսյանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել: Համաձայն նախաքննական ցուցմունքի, Հովհաննիսյանը զենքի իրացման վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Ցուցմունքում նշել է, որ ավտոտնակում հայտնաբերել է հանգուցյալ հոր զենքերը, ու քանի որ վարկեր և ֆինանսական այլ խնդիրներ է ունեցել, վաճառել է դրանք իր համաքաղաքացի, գյումրեցի տաքսու վարորդ Անուշավան Ավետիսյանին, ով այս գործով անցնող մեղադրյալներից է: Ըստ ցուցմունքի, չի հետաքրքրվել Ավետիսյանից, թե նա զենքն ինչ նպատակով է գնում: Զենքերը վաճառել է նաև այն պատճառով, որ առանց քաշքշուկների ազատվի դրանցից:

«Ստեփան Չիլինգարյանը հանդիսանում է իմ մանկության ընկերներից: Նշեմ, որ ես տեղյակ չեմ և նույնիսկ չէի մտածի, որ Ստեփանը կարող է նման բան, որ Ստեփանը կարող է զենք կամ ռազմամթերք վաճառել: Նույն կերպ էլ Ստեփանը չի իմացել, որ ես Անուշավանին զենք եմ վաճառել», - նախաքննության ժամանակ ասել էր Հովհաննիսյանը:

Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին զենք վաճառելու մեղադրանքով մեկ տարի դատապարտվել ու հիմա արդեն ազատ է արձակվել նաև Ստեփան Չիլինգարյանը։ Մեղադրող դատախազի հրապարակած ցուցմունքի համաձայն, Չիլինգարյանը 1996 թվականին իր բնակարանից գտել է պապի պահած զենքերը: Ցուցմունքում նշել է, որ պապը Գյումրիում հարգված մարդ է եղել ու մտերիմ է եղել 2007-ի հոկտեմբերի 27-ին սպանված, Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ: Պապի զենքերը 2300 դոլարով վաճառել է կրկին գյումրեցի տաքսու վարորդ Անուշավան Ավետիսյանին՝ ֆինանսական խնդիրները հոգալու համար: Ցուցմունքում նշել է, որ Արթուր Վարդանյանին չի ճանաչել, նրա մասին հետո է լսել հեռուստատեսությամբ, երբ հայտարարվել է, որ նա ձերբակալվել է:

Հաջորդը ցուցմունք տվեց Իլիչ Թադևոսյանը, ով պատմեց, որ իր հորը՝ Մարատ Թադևոսյանին զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացրել է այս գործով անցնող մեղադրյալ Ավետ Բարեյանը:

Վկայի խոսքով՝ Արթուր Վարդանյանը զանգել է իր հորն ու համոզել, որ միասին Քեսապ գնան: Դատարանում ասաց, թե հայրն այդ օրը գինովցած է եղել ու Արթուրին ասել է՝ ես քո համար դոշ կտամ, թող պուլյեն ինձ կպնի: Ասաց, որ այս խոսքերից հետո ինքը զայրացել է, վերցրել է հեռախոսը հոր ձեռքից ու Արթուր Վարդանյանին ասել՝ գործ չունես հորս հետ: Վարդանյանը պատասխանել է՝ լակոտ, ես բան ու գործ չունե՞մ, քո հետևից պիտի ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ:

Արթուր Վարդանյանը մի քանի հարց տվեց վկային ու հայտարարեց՝ նա կեղծ ցուցմունք է տալիս: Վկայի ու Արթուր Վարդանյանի լեզվակռվին միջամտեց դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Հայաստանում բռնությամբ իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցած այս խումբը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ծրագրել էր պայթեցնել նախագահի ինքնաթիռն ու գրավել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, նախագահի նստավայրի ու Հանրային հեռուստաընկերության շենքերը:

Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի: