Վարչապետին մտահոգել է գյուղոլորտում գրանցված անկումը

Վարչապետ Կարեն Կարապետյանին մտահոգել է Կառավարության կողմից գերակա հռչակված գյուղատնտեսության ոլորտում գրանցված նշանակալից անկումը, և այսօր գործադիրի նիստում նա հանձնարարեց Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին, ինչպես նաև մարզպետարաններին երկու շաբաթվա ըթնացքում պազրել նման անկման պառճառը:

«Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար առկա է անհրաժեշտություն ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը: Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի: Հաշվի առնելով վերանշյալը՝ հանձնարարում եմ Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկում են Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին երկշաբաթյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին», - գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, գյուղոլորտում անկումը կազմել է 25 տոկոս: Այն, որ անկումը անակնակալ էր նաև Կառավարության համար՝ պարզ է դառնում գործադիրի այսօրվա նիստում վարչապետի տված վերոհիշյալ հանձնարարությունից՝ վերլուծել պատճառները:

Պակաս կարևոր չէ, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարվա մարտ ամսից շարունակվող անկումը խորացել է՝ օգոստոսին, ինչպես ասացինք, հանգեցնելով 25 տոկոսանոց անկման:

«Մենք օգոստոս - օգոստոս համեմատության մեջ և հունվար - օգոստոս 2017 և հունվար - օգոստոս 16 թվերի մեջ ունենք բոլոր ոլորտներում աճ, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից: Ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք այն հետ ընկնելը: Մենք այդտեղ մեծ պրոբլեմներ չենք տեսնում: Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ թվերը հասկանանք: Շատ ուշադիր անդրադառնում ենք դրան», - նշեց Կարապետյանը:

Գյուղատնտեսության ոլորտը Կառավարության կողմից հռչակված է գերակա ճյուղ: Օրինակ, այս մայիսի վերջին լսելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հաշվետվությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ նախագահականի լրատվական ծառայության, հանձնարարեց․ - «Առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանման, ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինման, գյուղտեխնիկայի պարկի արդիականացման, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպատակաուղղված ծրագրերը»:

Եվ չնայած գերակա ոլորտ լինելու հանգամանքին ու Հանրապետության նախագահի նման հանձնարարությանը՝ վարչապետ Կարապետյանի պատոնավարման մեկ տարվա կապակցությամբ օրերս հրապարակված Կառավարության հաշվետվությունից պարզ դարձավ, որ, օրինակ, ներդրումների մասով գյուղոլորտը վատ ցուցանիշներից մեկն է ապահովել: Այս տարվա համար նախատեսված է դեպի գյուղոլորտ ուղղել 101 միլիոն դոլար պետական ու մասնավոր ներդրումներ, առաջին 8 ամիսներին ներդրումները կազմել են ընդամենը 22 միլիոն դոլար:

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, չնայած շարունակ հայտարարվող բարեփոխումներին, գյուղոլորտում առկա հիմնարար խնդիրները չեն լուծվել․ - «Մեզ մոտ հիմա արդեն երեք ամիս է, երաշտ է: Գյուղատնտեսության նախարարությունը անտեսում է սա: Եթե գյուղացուն գործարանները պարտք են, և պետությունը 3 տոկոսով վարկ է տալիս, որ գյուղացիները այդ գումարները ստանան, արդյո՞ք այդ գումարները կհասնեն գյուղացուն: Չէ՞ որ երկու տարի այդ գումարները պտտվում են․․․ Կարծում եմ, այստեղ և վերամշակող թևի հետ կապված մենք լուրջ աշխատանք ունենք: Ինչո՞ւ չէ, հենց դատական պրոցեսներ պետք է սկսել այն մարդկանց դեմ, որոնք յուրացրել են գյուղացու գումարները և այսօր այդ գումարները պտտում են իրենց անձնական ջիպերի տակ, իրենց վիլլաների տակ, բայց գյուղացում գումարները չկան»: