Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորանքներ Հայաստանի ժողովրդին ձեր անկախության 26-րդ տարեդարձի առթիվ», - ասված է ուղերձում, որը հրապարակված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնոկան կայքէջում:
«Մենք բարձր ենք գնահատում առաջընթացը, որ ձեր երկիրը գրանցել է անկախացումից ի վեր, և հպարտ ենք աշխատանքով, որ կատարել ենք համատեղ: Մենք հանձնառու ենք Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին և ուժեղ ու թափանցիկ տնտեսության խթանմանը: Շնորհակալ ենք ձեզնից տարածաշրջանային կայունությանը և միջազգային խաղաղապահ գործողություններին ձեր նվիրվածության համար: Մենք մեծապես գնահատում ենք ավելի խաղաղ աշխարհ կառուցելու ուղղությամբ այդ ջանքերը», - իր ուղերձում գրել է Թիլերսոնը:
«Ակնկալում ենք Հայաստանի և իր ժողովրդի հետ շարունակական բարեկամության և գործընկերության շատ ավելի շատ տարիներ», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում:
Հիշեցնենք՝ Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: