Գեղագիտական ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվեց Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա»-ի կրկնօրինակը

Այսօր Հենրիկ Իգիթյանի հիմնադրած և նրա անունը կրող Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվեց Փարաջանովի հանրահայտ «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը, որը Մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և իրականացրել է դիզայներ Արամ Նիկոլյանը:

«Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան կողբա իմ մահը», - ահա այս բառերով 1977 թվականին Փարաջանովը բանտից կնոջն է ուղարկում «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը, որի բնօրինակը պահպանվում է Փարաջանովի թանգարանում:

«Բանտում շատ ծանր էին պայմանները, մի քանի անգամ նույնիսկ լուր տարածվեց, որ նա մահացել է բանտում: Իսկ կյանքի վերջում նորից էս թեմային անդրադարձավ, «Մի քանի դրված Ջոկոնդայի կյանքից»․ 12 աշխատանք ստեղծեց, որոնք թանգարանում են», - ասաց Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

«Ես շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնական օրը՝ Անկախության տարեդարձը: Եվ շատ խորհրդանշական է, որ հենց փարաջանովյան ստեղծագործության ցուցադրանքն է, ինստալյացիան է, որ լինելու է մեր քաղաքում», - նշեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Խորհրդանշական է, որ Փարաջանովի այս հանրահայտ կոլաժը այսօր միասին բացեցին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները: Սեպտեմբերի 20-ին Արմեն Ամիրյանի հրավերով Հայաստան է ժամանել Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գեորգաձեն:

Նա իր հերթին շեշտեց․ - «Անկեղծորեն ուրախ եմ, որ այս հնարավորություն ունեմ ձեզ հետ միասին բացել այս կոլաժը: Փարաջանովի արվեստը պատկանում է մեր երկու ժողովուրդներին, չնայած այն բանին, որ նրա արվեստը չափազանց կոսմոպոլիտիկ է՝ համամարդկային»:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ իր ժամանումից առաջ վրացական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե նախարարն իր այցի ընթացքում պիտի ուսումնասիրի Հայաստանի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանները, մասնավորապես՝ Օձունի և Ախթալայի վանական համալիրները, Գեորգաձեն պատասխանեց․ - «Օձունը, իհարկե, ոչ մի կապ չունի այդ հարցի հետ: Մենք եկել էին ծանոթանալու վերականգնողական աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, մեր իսկ մասնագետների գնահատմամբ, շատ բարձր մակարդակով են կատարվում»:

Նախարարը հավելեց, որ «սպիտակ նախանձով» է վերաբերում վեականգնողական այդ աշխատանքներին, իսկ ինչ վերաբերում է վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանն, ապա ամենայն հավանականությամբ «տեխնիկական վրիպակ է եղել»․ - «Արդեն հանգամանալից տեղեկատվություն փոխանցվել է մեր լրատվամիջոցներին և այս հարցը փակված է»:

Գեորգաձեն ասաց նաև, որ Հայաստանի մշակույթի նախարարի հետ արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտերում համագործակցության մի շարք նախագծեր են քննարկել: Նշեց, որ Վրաստանում սկսել են Թբիլիսիի հանրահայտ Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի ամբողջական հիմնանորոգումը, որը տևելու է 2,5 տարի: Իսկ թատերախումբն այդ ժամանակահատվածում հանդես կգա այլ բեմահարթակներում:

Վրաստանի մշակույթի նախարարը իր և վրաց ժողովրդի, նաև վրացական կառավարության անունից շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ շեշտեց, որ «անկախությունը հավասարազոր է ինքնապահպանման»․ - «Անկախության շնորհիվ հնարավորություն ունենք պահպանել մեր տեսակը, մեր ինքնությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր հոգևոր-մշակութային արժեքները»: