Ջոն Հանթսման․ Կասկած չկա, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահի ընտրություններին

ԱՄՆ - Ջոն Հանթսմանը Սենատի հանձնաժողովում լսումներից հետո, Վաշինգտոն, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Յուտայի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը, ում թեկնածությունը նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, երեքշբաթի օրը հայտարարել է, թե կասկած չկա, որ Մոսկվան միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին: Հանթսմանը խոստացել է պաշտոնը ստանձնելուն պես հարցը քննարկել ռուսաստանյան իշխանությունների հետ:

«Կասկած չկա, որ ռուսաստանյան իշխանությունները անցյալ տարի միջամտել են ամերիկյան ընտրություններին», - Սենատում իր թեկնածության շուրջ լսումների ժամանակ հայտարարել է Հանթսմանը:

Ռուսաստանը հերքում է ընտրություններին միջամտելու՝ Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքները, մինչդեռ ամերիկյան հատուկ ծառայությունները պնդում են, որ Մոսկվան միջամտել է ընտրություններին՝ Թրամփի հաղթանակի հնարավորությունները մեծացնելու նպատակով: Սպիտակ տունն էլ իր հերթին է հակադարձում՝ «վհուկների որս» անվանելով Թրամփի թիմի և Ռուսաստանի միջև հնարավոր պայմանավորվածության շուրջ հետաքննությունը:

«Մոսկվան շարունակում է խառնվել մեր բարեկամների և դաշնակիցների ժողովրդավարական գործընթացներին: Ռուսաստանը շարունակում է սպառնալ Եվրոպայի կայունությանը, այդ թվում՝ խախտել իր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ռուսաստանը նաև սահմանափակում է մարդու իրավունքները սեփական երկրում», - հայտարարել է 57-ամյա Հանթսմանը, ով Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք եղել է Սինգապուրում, իսկ Բարաք Օբամայի օրոք՝ Չինաստանում ԱՄՆ դեսպանը: 2012-ին հանրապետական Հանթսմանը նախագահական ընտրապայքարի մեջ էր մտել, սակայն ներկուսակցական պայքարում զիջել էր Միթ Ռոմնիին:

Հանթսմանը, ով դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում փոխարինելու է 2014 թվականից Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ղեկավարող Ջոն Թեֆթին, հայտարարել է, թե անհամբերությամբ է սպասում պարտականությունները ստանձնելուն, որպեսզի հակազդի Ամերիկայի ռուսաստանցի հակառակորդներին՝ պատժամիջոցների և կրթամշակութային փոխանակման քաղաքականության միջոցով: Դիվանագետի համոզմամբ՝ այդ մոտեցումը կօգնի Ռուսաստանի քաղաքացիներին ավելի քննադատաբար գնահատել սեփական կառավարության գործունեությունը:

«Ես չեմ վարանի և կհիշեցնեմ ռուսաստանյան կառավարական պաշտոնյաներին, որ իրենք են պատասխանատու իրենց արարքների համար: Դրա վառ դրսևորումներից մեկն էլ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա վստահության ցածր մակարդակն է», - Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում հայտարարել է ամերիկացի դիվագետը:

Ջոն Հանթսմանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ընդհանուր շահեր ու մարտահրավերներ ունեն, որոնց ուղղությամբ պետք է միասին աշխատեն: Նրա կարծիքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը, չնայած տարբեր մոտեցումներին, պետք է համատեղ լուծեն Հյուսիսային Կորեայի միջուկա-հրթիռային ծրագրի խնդիրը:

Ռուսաստանում Ամերիկայի դեսպանի պաշտոնում Ջոն Հանթսմանի թեկնածության մասին Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է հուլիսին: Չնայած նախընտրական պայքարում Թրամփի հասցեին հնչեցրած կոշտ քննադատությանը՝ հանրապետական գործիչը հայտարարել է, թե ուրախությամբ է ընդունել նախագահի առաջարկը:

Ամերիկյան նախագահական ընտրություններից հետո է՛լ ավելի սրված ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու կոչեր են հնչում նաև ռուսական կողմից: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ամերիկացի պաշտոնակցի հետ շաբաթասկզբին Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո, որն, ի դեպ, այս տարվա սկզբից ի վեր Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի յոթերորդ հանդիպումն է, հայտարարել է, թե Ռուսաստանը շահագրգիռ է վերադառնալու երկկողմ կապերի նորմալ վիճակին, և որ պետք է շտկել երկու երկրների հարաբերությունները:

«Թիլերսոնի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք պահպանել պարբերական շփումները», - նշել է Լավրովը: